Մի շարք հասարակական գործիչներ «Էներգունի-Երեւան-2797» տոնակատարության շրջանակներում պարգեւատրվել են «Արգիշտի առաջին» շքանշանով։

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարության ժամանակ Երեւանի քաղաքապատարանի հարակից հրապարակում կազմակերպված տոնական միջոցառման շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ գիտության, կրթության, շինարարության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի եւ մեծ վաստակի համար Հայաստանի շինարարների միության նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին պարգեւատրել է «Արգիշտի առաջին» շքանշանով:

Մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ երաժշտության բնագավառում ներդրած ավանդի, ստեղծագործական բեղուն գործունեության եւ երկարամյա անբասիր աշխատանքի համար «Արգիշտի առաջին» շքանշանով են պարգեւատրվել նաեւ Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր եւ ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, խմբավար, հասարակական գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, ինչպես նաեւ հայ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը: Ճարտարապետության բնագավառում ունեցած ձեռքբերումների ու նշանակալի ավանդի համար «Արգիշտի առաջին» շքանշանով է պարգեւատրվել նաեւ ՀՀ ճարտարապետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռազմիկ Մինասյանը: