«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում Հայաստանը որպես երրորդ կողմ ներկայացնող փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնն ու Ամալ Քլունին կարծում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «հաղթանակ է Հայաստանի համար»:

Փաստաբանների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք գոհ են այն փաստի առիթով, որ Հայաստանի կառավարության անունից ներկայացված փաստարկներն աջակցություն են գտել: «Հայաստանը գործին ներգրավվել է միայն մեկ նպատակով. ստորին պալատը կասկածի տակ էր դրել 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության փաստը: Որպես փաստաբաններ՝ մենք ձգտել ենք ուղղել այս կոպիտ սխալը, և Մեծ պալատն այդպես էլ վարվեց: Այսօրվա վճիռը չի վիճարկում Հայոց ցեղասպանության փաստը. տասը դատավոր նշեց, որ ընդհանրապես այդ հարցը չպետք է քննարկվի, մինչդեռ դատավորներից յոթն արձանագրել են, որ «Հայոց ցեղասպանությունը հստակորեն ամրագրված պատմական փաստ է»,- ասված է հայտարարությունում:

Բացի այդ, այս որոշումը սատարում է իրենց արժանապատվությունը պաշտպանելու հայերի իրավունքը: Փաստաբանների կարծիքով, Արտահայտվելու ազատության կարևորությունը վերահաստատող Դատարանի այս վճիռը կարևոր հետևանքներ կունենա նաև Թուրքիայի համար, որը Եվրոպական դատարանում ներկայացված պետությունների շրջանում խոսքի ազատության ամենավատ ցուցանիշներն ունի: Թուրքիան այլևս չի կարող արդարացնել Հրանտ Դինքի նմաններին քրեական հետապնդման ենթարկելը. անձինք, ովքեր գրելով Հայոց ցեղասպանության իրականության մասին՝ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիմքով մեղադրվում են «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ::

«Այդպիսի հետապնդումներն ակնհայտորեն հակասում են Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության սկզբունքին՝ Փերինչեքի գործի մեկնաբանությամբ: Մենք Թուրքիային կոչ ենք անում չեղյալ հայտարարել 301 հոդվածը եւ դադարեցնել հետապնդումները»,- հայտարարել են նրանք:

Նրանց կարծիքով, Փերինչեքը «սադրիչ է, ում չպետք է դարձնեին նահատակ, ինչին նա այդքան ձգտում էր»: Ռոբերթսոնն ու Քլունին նշել են, որ դատարանը մերժել է 120 հազար եվրոյի չափով փոխհատուցման մասին նրա պահանջը, և ոչինչ չի հատուցել՝ նույնիսկ նրա սեփական իրավաբանական ծախսերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը:

Որոշման մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ից չի պահանջվում սահմանում տալ, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կոտորածներն ու զանգվածային տեղահանությունը կարող է որպես Ցեղասպանություն բնորոշվել, եւ որ ՄԻԵԴ-ն իրավասու չէ այդ հարցին իրավաբանական ուժ ունեցող գնահատական տալ:

Նշենք, որ Ստորին պալատի որոշման մեջ Հայոց ցեղասպանությունը բնորոշվել էր որպես պատմականորեն վիճելի փաստ: Հենց այդ որոշումն էր Հայաստանի Հանրապետությունը վիճարկում որպես երրորդ կողմ: