Նոր սահմանադրության նախագիծը նեղացնում է գործող սահմանադրությամբ Հայաստանի քաղաքացիների ունեցած իրավունքները՝ սեփականությունից մինչեւ հավաքների իրավունք, եւ ընդունվելու դեպքում զրկելու է ժողովրդին այս կամ այն դեպքում Սահմանադրության դրույթներին հղում անելու իրավունքից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, սահմանադրական փոփոխությունների դեմ քաղաքական ուժերի դեմ ձեւավորած երեւանյան հանրահավաքին ասաց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը:

«Իրականում նոր Սահմանադրությունը նպատակ ունի երկրում սահմանել հակասահմանադրական կարգ, որով կվերացվեն երկրում դեռեւս պահպանված` Սահմանադրության պատառիկները»,- ասաց Հրայր Մանուկյանը:

Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ սահմանադրական հանրաքվեն երկրի իրական ընդդիմությանը եւ ժողովրդի համախմբվելու առիթ է տալիս, ինչի համար նա կոչ արեց անպայման մասնակցել դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնած հանրահավաքին։

«Մենք պետք է միավորվենք եւ վարչախմբի ստեղծած ծուղակն իր համար ծուղակ դարձնենք: Դեկտեմբերի 1-ից անհնազանդությամբ երկու հարց պետք է լուծենք՝ հեռացնել գործող վարչախումբը եւ դեկտեմբերի 6-ին «Ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին: Պետք է ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ ընդիմությունը եւ ժողովուրդը դառնան ուժի բեւեռ»:

Վարուժան Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ ցանկության դեպքում հնարավոր է անել այնպես, որ գործը սահմանադրական հանրաքվեին չասնի:

Նշենք, որ հանրահավաքից առաջ Հրայր Մանուկյանը հայտարարեց, որ անձրեւի պատճառով որոշ փոփոխություններ են մտցվել հանրահավաքի ու դրան հաջորդելիք երթի ծրագրերում: Ելույթները կլինեն կարճ, կհրապարակվեն ֆեյսբուքում, իսկ երթի վերաբերյալ փոփոխության մասին Հրայր Մանուկյանը խոստացավ տեղեկացնել հանրահավաքի վերջում:

Նշենք, որ «Ոչ»-ի ճակատին միացել են «Ժառանգություն», ՀԺԿ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը հոկտեմբերի 10-ից սկսվել է: