Վերջին տարիներին Հայաստանն զգալի առաջընթաց է արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում, որտեղ տարեկան միջինը գրանցվում է 25 տոկոս աճ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մեկնարկած «Գիտելիք, նորաստեղծություն եւ զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովի բացման ժամանակ հայտարարել է Վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը, ողջունելով գիտաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, նշել է, որ 21-րդ դարում տնտեսական զարգացման հիմքը գիտելիքը, նորարարություններն ու ստեղծագործական ներուժն են, եւ այս առումով պատահական չէ գիտաժողովի խորագրի ընտրությունը: Վարչապետն ընդգծել է, որ քաջատեղյակ է համալսարանում իրականացվող հետազոտություններից եւ գոհունակություն հայտնել, որ ՀՀ կառավարության տնտեսական զարգացման քաղաքականության շրջանակում սահմանված գերակայությունները ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների եւ ուսանողների ուշադրության կենտրոնում են: «Ուրախալի է, որ դեռեւս 2011թ. ՀՊՏՀ գիտխորհրդի կողմից հաստատված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2011-2017 թթ. գիտահետազոտական եւ ինովացիոն զարգացման հայեցակարգում սահմանված նպատակներն աստիճանաբար կյանքի են կոչվում: Շարունակվում են գիտական գործունեության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման աշխատանքները, ինչի վկայությունն են նաեւ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը եւ մոտ ժամանակներս ստեղծվելիք գիտաուսումնական լաբորատորիաները», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է տնտեսության մրցունակության բարձրացման, շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով եւ գիտելիքահեն տնտեսություն կառուցելու անհրաժեշտությամբ: «Վերջին տարիներին մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում, որտեղ տարեկան միջինը գրանցվում է 25 տոկոս աճ: Այս ամենի արդյունքում ներկայում ունենք համապատասխան ներուժ եւ բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տարածաշրջանում կարեւոր դերակատար դառնալու համար:

Մենք հետեւողական ջանքեր ենք գործադրում ինովացիոն էկոհամակարգի զարգացման համար։ Մասնավորապես, իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ինովացիոն ոլորտի իրավական դաշտի կատարելագործմանը, ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների ձեւավորմանն ու զարգացմանը, ոլորտի առաջընթացը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների՝ հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների ստեղծմանը, ինչպես նաեւ առկա նորարարական եւ բիզնես կարողությունների զարգացմանը:  Մենք պատրաստ ենք աջակցելու ինովացիոն բոլոր այն ընկերություններին, որոնք ստեղծում են նոր ապրանքներ, ծառայություններ եւ շուկաներ», - շեշտել է կառավարության ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանի համոզմամբ՝ համալսարանական գիտությունը պետք է առաջանցիկ տեմպով զարգանա մյուս բնագավառների համեմատ, եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պետք է լինի կառավարության հենասյունը տնտեսության զարգացման գործում: «Համոզված եմ, որ շնորհիվ նաեւ այս ներկայացուցչական գիտաժողովի` հայրենական տնտեսագիտության ներկայացուցիչները եւ արտասահմանցի հետազոտողները, բոլոր մասնակիցները եւ նրանք, ովքեր կծանոթանան գիտա¬ժողովի նյութերին, կձեւավորեն սեփական պատկերացումները տնտեսա¬գի¬տութ¬յան եւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում գոյութ¬յուն ունեցող հիմնախնդիրների, ինչպես նաեւ դրանց լուծման հնարավոր ուղիների   վերաբերյալ», - եզրափակել է վարչապետը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք, իսկ գիտաժողովին՝ գիտական այնպիսի արդյունք, որը կդառնա նոր օրերի տնտեսական կյանքի բարենորոգման գրավականը:

Նոյեմբերի 11-13-ն անցկացվող «Գիտելիք, նորաստեղծություն եւ զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից: Հիմնական նպատակն է՝ ձեւավորել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բազմաշերտ հիմնախնդիրներին նվիրված մասնագիտական բանավիճային հարթակ՝ ակադեմիական հանրության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկատիրական ոլորտի մասնագետների համար: Գիտաժողովի շրջանակում կանցկացվի կլոր սեղան «Գիտելիքահեն տնտեսության եւ գիտելիքի հասարակություն» թեմայով: