20 տարվա ազատազրկումից հետո դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված եւ 15 օր անց հիվանդանոցում մահացած ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը Իրանի քաղաքացի ադրբեջանցուն սպանել էր` նրան նմանեցնելով իր հորը սպանողին։ Այս մասին NEWS.am-ին ասաց նրա բարեկամներից Վանյա Գրիգորյանը։

«Ադրբեջանցուն սպանել էր, որովհետեւ նմանացրել էր հորը սպանողին: Ինքը հետո մի քիչ փոշմանել էր, որ մտածում էր՝ դա, կարող է, հենց իր հորը սպանողը չէր»,- ասաց Վանյա Գրիգորյանը` նշելով, որ Սողոմոն Քոչարյանի հորը ադրբեջանցիները սպանել են Բաքվի ջարդերի ժամանակ, ինչից հետո ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։

Հայաստան տեղափոխվելուց հետո Սողոմոն Քոչարյանը մեկնել է Գորիս, ընդգրկվել Գորիսի Շուլուխ կամավորական ջոկատում։ Բաքվում մեծացած Սողոմոն Քոչարյանի նպատակը Ադրբեջան հասնելն ու Բաքուն գրավելն էր։

Բարեկամը պատմեց, որ վերջին անգամ Սողոմոն Քոչարյանին տեսել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմելուց հետո՝ ազատության մեջ:

«Ասում էր՝ մեկ ա, գնալու եմ, եկել եմ մի տասը օր ազատության մեջ մնամ, դրանից հետո կգնամ»,- պատմեց Վանյա Գրիգորյանը:

Հետախույզի մյուս նպատակն էլ մեծ ընտանիք ունենալն էր։ Նրա ընկերներից Վիրաբ Եղիազարյանը հիշեց, թե ինչ հպարտ էր Սողոմոնն իրեն զգում, երբ նոր էր ամուսնացել:

«Խանդավառությամբ էր պատմում իր ընտանիքի մասին: Ուրախ էր, որ կին ունի, հպարտությամբ քայլում էր հետը: Կնոջ տղային, որ իրենը չէր, այնքան շատ էր սիրում, կարծես հարազատ հայրը լիներ, մենք բոլորս զարմանում էինք: Ամեն երեկո գալիս էր տղայի հետ մեր տուն, համակարգչով խաղ էին խաղում»,- պատմեց Վիրաբ Եղիազարյանը:

Սողոմոն Քոչարյանին այսօր՝ նոյեմբերի 11-ին,  հողին հանձնեցին զինվորական հագուստով՝ «Եռաբլուրում» :

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը մահացավ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր ամիսներ առաջ: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 22-ին, իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից  ազատելու որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը ազատազրկվել էր 20 տարի առաջ։ Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ էր նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ադրբեջանցուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Նրա ազատազրկումից մի քանի տարի անց ծանր հիվանդությունից մահացել է կինը, մեկ տարի առաջ 18 տարեկանում ինքնասպանություն է գործել նրա միակ դուստրը: