Նոյեմբերի 8-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ այսօր հայրենիք վերադարձած 76-ամյա Լուսիկ Աբովյանն իրեն լավ է զգում, առողջական որեւէ գանգատ չունի:

«Իջեւանի» բժշկական կենտրոնում իրեն այցի եկած Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին Լուսիկ Աբովյանը պատմեց, որ նախօրեին ճնշման հետ կապված խնդիր է ունեցել, սակայն այժմ իրեն լավ է զգում:

«Ինձ ինչ-որ պետքն ա, տվել են, բայց նրանց եփածը ես չեմ կերել, չեմ սիրում: Հիմա լավ եմ, ճնշումս նորմալ ա, սրտիս աշխատանքն է: Իմ առողջականին ի՞նչ ա եղել որ»,- ասաց Լուսիկ տատը:

76-ամյա Լուսիկ Աբովյանը պատմեց, որ նոյեմբերի 8-ին մառախուղի պատճառով մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանական կողմում:

«Ես ղսմաթ ունեմ, որ մեկն էլ չկրակեց»,- նշեց նա:

Նշենք, որ Լուսիկ տատն այժմ հետազոտվում է Իջեւանի հիվանդանոցում: Նրա վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ նոյեմբերի 8-ին գերի է ընկել Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի բնակչուհի Լուսիկ Ղուկասի Աբովյանը (1939 թվականի ծնված)։

Նոյեմբերի 12-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո 76-ամյա Լուսիկ Աբովյանը Հայաստան է հայրենադարձվել: