«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին կօգնի կառավարել միջուկային թափոնները: Այս մասին նոյեմբերի 12-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը», որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:

Գալստյանը հիշեցրեց, որ Հայաստանը «Ռոսատոմ»-ի հետ մեծ աշխատանք է տանում՝ Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի գործողությունը երկարացնելու եւ նոր բլոկի ծրագրվող շինարարության հարցում:

«Ռուսական կողմը մեզ կօգնի կատարելագործել ենթակառուցվածքները, ինչպես նաեւ վերամշակված վառելիքի եւ թափոնների կառավարման, կադրերի պատրաստման եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման հարցում»,- հավելեց Գալստյանը: