Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ նշելով, որ դատական նիստի օրը դեռ չի նշանակվել:

«Իմ պաշտպանյալներ Էյներ եւ Աղալար Խաչատրյանների մեղզադրանքը փոխվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասով: Մենք այս մեղադրանքի հետ համաձայն չէինք, վարույթն իրականացնող մարմինը՝ նույնպես, սակայն դատախազությունը որոշել է, որ հենց այդ մեղադրանքով պետք է գործը գնա դատարան»,- ասաց փաստաբանը:

Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ ինքը միջնորդել էր, որ իր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն միջնորդությունը մերժվել է:

Նշենք, որ Աղալար Խաչատրյանը Սյունիքի մարզպետի եղբայրն է, Էյներ Խաչատրյանը՝ եղբորորդին: Նրանց առաջադրված մեղադրանքը՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, սահմանում է ազատազրկում առավելագույնը 5 տարի ժամկետով:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Սդղի գյոլ»-ում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ Զաքարյանի նկատմամբ։ Քննության տվյալներով՝  ՀՀ քաղաքացիներ Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը մի քանի այլ անձանց հետ միասին հարվածներ են հասցրել Հարություն եւ Մուշեղ Զաքարյաններին, ինչի հետեւանքով Հարություն Զաքարյանը կորցրել է տեսողությունը:

Յուրի Մանուչարյանին եւ Դերենիկ Հակոբյանին հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եւ նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Հիշեցնենք, որ քրգործի շրջանակներում կալանավորվել էր նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որը 2 ամիս անց ազատ է արձակվել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ դատաբժշկական փորձաքննության արդյունքով տուժող Հարություն Զաքարյանին վնասվածք է հասցրել Յուրի Մանուչարյանը: