Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման բողոքի երթի ժամանակ այսօր՝ նոյեմբերի 16-ին, Խանջյան փողոցում գտնվող ՀՖՖ շենքի մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանների ու երթի մասնակիցների միջեւ:

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցների մի մասը մայթից դուրս եկավ փողոցի երթեւեկելի մաս, նրանց փողոցից ուժով հեռացրին ոստիկանները, քաշքշուք տեղի ունեցավ եւ երթի մասնակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին:

Բազմության մեջ լսվել են ճայթուկների ձայներ։

Ֆուտբոլասերները վանկարկում են «Պատասխան» եւ «Ֆուտբոլ ենք ուզում»:

Երկրպագուների շարժումը ՀՖՖ-ից պահանջում է հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում «խարիզմատիկ, ճանաչված, հարուստ աշխատանքային փորձով մարզիչի, հավաքական չհրավիրվող, բայց լավ մարզավիճակ ունեցող ֆուտբոլիստների հարցի վերանայում, խաղացողը պետք է հրավիրվի` ելնելով մարզավիճակից, եւ ոչ թե այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքից կամ ամբիցիաներից, հավաքականի տոմսերի գների վերանայում եւ իջեցում»։

Երկրպագուներն այժմ ՀՖՖ շենքի մոտ սպասում են ֆեդերացիայի նախագահի կամ ներկայացուցչի պատասխանին։ Որոշ ֆուտբոլասերներ պահանջում են նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։