Իշխող Հանրապետական կուսակցության անդամները գիտակցում են, որ ամբողջը չկորցնելու համար պետք է զոհել իշխանության որոշակի մասը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով երկրում սահմանադրական փոփոխություններին:

Նա հիշեցրել է, որ գործող Սահմանադրությունը սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնելու լիազորություն տալիս է միայն երկու սուբյեկտի՝ նախագահին եւ Ազգային ժողովին: «Ես չգիտեմ քաղաքական ուժ, որն ընտրություններից առաջ հրաժարվի մեծամասնությունից եւ որոշի լիազորությունները փոխանցել ընդդիմությանը»,-ընդգծել է Վարդանյանը:

Նրա խոսքով, չափից ավելի կենտրոնացված համակարգը նաեւ պատասխանատվության հետ կապված խնդիրներ է ստեղծում:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին: Սահմանադրության նոր նախագծով նախատեսում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: