Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո կորած համարվող 17-ամյա հայուհի Լոլա Ուզունյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը: Նրա խոսքով, լուրը ծնողներին հայտնել են իրավապահները, ծնողները ճանաչել են աղջկա դին:

Աղջկա հուղարկավորության օրվա մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Մուրադ Փափազյանի փոխանցմամբ, դեռեւս մի շարք փորձաքննություններ պետք է անցկացվեն:

Հիշեցնենք, որ 17-ամյա հայուհին նոյեմբերի 13-ին հոր հետ ներկա է եղել Bataclan թատրոնում Eagles of Death Metal ամերիկյան ռոք խմբի համերգին: Իրարանցման ժամանակ հայր ու դուստր կորցրել էին միմյանց: Հայրը փրկվել էր, իսկ Լոլան անհետ կորել էր, եւ մի քանի օր որոնում էին նրան:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Ահաբեկիչները երեք պայթյուն են իրականացրել «Stade de France» մարզադաշտի մոտ, ինչպես նաեւ կրակոցներ արձակել ռեստորանում եւ պատանդներ վերցրել «Bataclan» համերգասրահում ռոք համերգի ժամանակ:

Ահաբեկչությունների հետեւանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել է 129 մարդ: Վերջին տվյալներով, վիրավորների թիվը 352 է, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ֆրանսիայի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել: