«Ժամանելով Երեւան, առաջին տեղը, ուր ես գնացի, դա Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրն էր: Այսօր առավոտյան ես ծաղիկներ դրեցի անմար կրակին, եւ շատ տպավորված էի տեսածով, նույնքան, որքան տպավորված էի՝ այցելելով Թել-Ավիվում Հոլոքոսթի զոհերի հուշահամալիր»,- այսպիսի խոսքերով Երեւանում սկսեց իր մամուլի ասուլիսը ֆրանսիացի անվանի դերասան Ժերար Դեպարդիեն, ով Հայաստան է ժամանել «Կարոտ» փառատոնի շրջանակներում:

«Ես գիտեմ, թե ինչու են այդքան շատ հայեր ապրում Ֆրանսիայում: Գիտեմ, որ նրանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի՝ արդեն չորրորդ սերնդի ժառանգներն են: Եւ ինձ զարմացնում է, որ անգամ չորրորդ սերնդում նրանք չեն կորցրել իերնց լեզուն եւ մշակույթը: Շատ երիտասարդներ կրկին ցանկանում են վերագտնել իրենց կորսված հայրենիքը: Ֆրանսիայի հայերի մեջ իսկապես մեծ մարդիկ կան»,- հայտարարել է անվանի դերասանը՝ չբացառելով, որ իր արվեստում կարող է արծարծել Ցեղասպանության թեման:

Ընդ որում, Ժերար Դեպարդիեն վստահություն է հայտնել, որ Թուրքիան ինչ-որ մի ժամանակ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: « Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է արդեն այսօր, շատ երկրներ Թուրքիայից պահանջում են դա»,- ասել է մեծ դերասանը: 

Նշենք, որ սեպտեմբերի 4-ի առավոտյան Դեպարդիեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Համաշխարհային կինոյի աստղը հարգել է նախորդ դարասկզբին 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: