Չկա չարիք առանց բարիքի. Հրանտ Դինքի սպանությունը ողբերգություն էր, սակայն այն խթան հանդիսացավ թուրք հասարակության համար։ Այս մասին սեպտեմբերի 4-ին հայտարարել է թուրք փորձագետ, լրատվամիջոցների եւ քաղաքականության հարցերով մասնագետ, Իզմիրի տնտեսագիտական համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքը։ Նրա խոսքով, Հրանտ Դինքի հուղարկավորությանը ներկա էր ավելի քան 100 հազար մարդ, այդ թվում՝ եւ ինքը։

«Թուրքիան հեղեղել էր զայրույթի եւ բողոքի ալիքը, հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ. վերեւից ոչ մի ճնշում չօգնեց»,- հիշեցրել է նա՝ ավելացնելով, որ այս ամենը «թուրք հասարակության համար լուսավորության» սկիզբ հանդիսացավ։

Նշենք, որ «Հայե՛ր, ներեք մեզ» խնդրագիրը ինտերնետում տեղադրվել էր 2008 թվականի դեկտեմբերի 15-ին եւ մեկ օրվա ընթացքում հավաքել էր ավելի քան 8 հազար ստորագրություններ։ Ակցիայի նախաձեռնողներն էին Ստամբուլի Բահչեշեհիր համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքըն Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ։ «Ես նույնպես դրել եմ իմ ստորագրությունը»,- հպարտորեն ասել է Զաֆեր Յորուքը։