«Կոշ» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 30-ին հայտնաբերվել է 8 տարվա ազատազրկման դատապարտված, 31-ամյա Ռոբերտ Գրիգորյանի դին՝ կախված վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Ռոբերտ Գրիգորյանի դին հայտնաբերել են ժամը 16:30-ի սահմաններում, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում գտնվող ճաշարանի հարակից արտաքնոցում: Բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

31-ամյա Ռոբերտ Գրիգորյանը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել: Վերջին անգամ 2013թ. Գրիգորյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1,1 կետով՝ 11 դրվագ, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 3 դրվագ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1,1 կետով, 165-րդ հոդվածի 4-րդ մաս՝ 2 դրվագ, վերջնական 8 տարվա ազատազրկման:

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում կհարուցվի քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: