Մոսկվայի թիվ 501 դպրոցում ծեծկռտուքի արդյունքում զոհվել է 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը: 

Ըստ իրավապահների՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել դպրոցից ոչ հեռու: 11-րդ դասարանցու հետ կռվել է 9-րդ դասարանի մի աշակերտ: Վեճը վերածվել է ձեռնամարտի: Կռվի ժամանակ 9-րդ դասարանցին ուժեղ հրել է իր հակառակորդին: Վերջինս ընկել է եւ գլուխը հարվածել ծառին, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»: Ստացած վնասվածքներից հայ աշակերտը տեղում մահացել է:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են քննիչները:

Մահացած անչափահասի դին տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության, որը պետք է պարզի մահվան պատճառը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրենը, հրաժարվել է մեկնաբանություններ անել 17-ամյա Էդուարդ Մարկարյանի սպանության կապակցությամբ՝ խորհուրդ տալով դիմել իրավապահներին: