Սինայի թերակղզում ռուսական օդանավի վթարից զոհված ուղեւորների հարազատները դիմել են Մոսկվայի Բասմանի դատարան՝ բողոքելով ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինի անգործությունից։

Վթարի 35 զոհերի շահերը ներկայացնող փաստաբան Իգոր Տրունովի խոսքով՝ Բաստիրկինի դեմ 2 դիմում է ներկայացվել, սակայն դրանք մնացել են անպատասխան։

«Առաջինում ես խնդրել էի ինձ հայտնել, թե հարուցվել է արդյոք քրեական գործ։ Ինչպես նաեւ խնդրել էին գործով տուժածներին ճանաչել որպես տուժած կողմ եւ ինձ ծանոթացնել ընթացակարգային այլ փաստաթղթերի հետ»,- ասել է Տրունովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ երկրորդ դիմումով խնդրել է լուծել զոհերի ընտանիքներին ապահովագրական վճարներ կատարող «Ինգոսստարխ» ընկերության աշխատակիցներին պատասխանատվության կոչելու հարցը։ Ընկերությունը խաբեության միջոցով զոհերի հարազատներից հայտարարություն է ստացել, որը սահմանափակում է  փոխհատուցում ստանալու նպատակով դատարան դիմելու նրանց իրավունքը։

Փաստաբանը խնդրում է ճանաչել ՔԿ ղեկավարի անգործությունը եւ պարտավորեցնել նրան պատասխանել տուժածների դիմումներին։

Հիշեցնենք, որ «Կոգալիմավիա» ընկերության Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավը կործանվել էր հոկտեմբերի 31-ին։ Բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել էին։ Ավելի ուշ պարզվել էր,որ օդանավում ռումբ է պայթել։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԻՊ խմբավորումը։