«Ինեկոբանկի» կողմից ձեռքբերումը կմեծացնի ազդեցությունը Հայաստանի ֆինանսական շուկայի վրա: Այդ մասին դեկտեմբերի 10-ին լրագրողներին ասաց ProCredit Bank-ի գործադիր տնօրեն Ավթանդիլ Գոգոլին:

Հիշեցնենք, այսօր «Ինեկոբանկը» հայտարարեց  ProCredit Bank-ի բաժնետոմսերի 100%-ի ձեռքբերման մասին: Գործարքի համար բանկը ներգրավեց Միջազգային Ֆինանսական կազմակերպության (IFC) վարկ՝ 20 մլն դոլարի չափով, ինչպես նաեւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) բաժնետիրական ներդրում՝ 9,8 մլրդ դրամի չափով (ներկայիս փոխարժեքով՝ շուրջ $20,2 մլն - խմբ)՝ ստանալով արժեթղթերի 22,7%-ը:

Բանկն աշխատել է Հայաստանում 7 տարի, եւ չափազանցություն չի լինի ասել, որ կառուցել է կորպորատիվ կառավարման լավագույն մոդելներից մեկը, ինչպես նաեւ հավաքել հուսալի ՓՄՁ վարկային պորտֆել, հավելեց նա.

Պատասխանելով այն հարցին, թե ինչու գերմանական ProCredit Holding AG-ն որոշեց չավելացնել իր հայաստանյան դուստր բանկի կապիտալը եւ թողնել այն շուկայում, ինչն այդչափ խոշոր հոլդինգի համար մեծ գումար չէր լինի, Գոգոլին պատասխանեց. «Իրավացի եք, գումարը մեծ չէր լինի: Խնդիրն այն է, որ ProCredit-ի քաղաքականությունն է ազդեցություն ունենալ այն ֆինանսական շուկաներում, որտեղ նա աշխատում է: Սա ենթադրում է շուկայի որոշակի մասնաբաժին: Ուստի մենք որոշեցինք սեւեռել մեր ուշադրությունն այլուր: Ինչ վերաբերում է «Ինեկոբանկին», ապա իր չափի եւ գումարներ ներգրավելու ունակության շնորհիվ նա ի զորու կյլինի լուծել այդ խնդիրները»:

Հիշեցնենք, 2014 թ. դեկտեմբերին ՀՀ Կենտրոնական Բանկը բարձրացրել է բանկերի նվազագույն կապիտալի պահանջը՝ 5-ից մինչեւ 30 մլրդ դրամ (շուրջ $60 մլն): Պահանջն ուժի մեջ կմտնի 2017-ից: Այդ պատճառով շուկայում արդեն սկսվել են բանակցությունները՝ համեմատաբար փոքր եւ ավելի խոշոր բանկերի միջեւ:

Նշենք, ProCredit Bank-ի կապիտալը,2015 թ. 3-րդ եռամսյակի դրությամբ, կազմել է 9,2 մլրդ դրամ: