ԿԸՀ-ն հիմնականում վերահաշվարկ է իրականացնում այն ընտրատեղամասում, որի համար դիմում է ներկայացրել իշխող կուսակցությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե այդ ինչպես է ստացվում, որ վերահաշվարկի արդյունքում «այո»-ների թիվն է ավելանում:

Հարցին, թե ստացվում է, որ ընդդիմությո՞ւնն է կեղծել հանրաքվեի քվեարկությունը, Զուրաբյանն արձագանքեց՝ նշելով, որ նախ հիմնականում բացվում են այն տեղամասերը, որոնց համար դիմումներ է ներկայացրել ՀՀԿ-ն. «Այդ տեղամասերում նախապես «այո»-ի թվերը պակասեցնում են, որ հետո վերահաշվարկի արդյունքում թվերը մի քանիսով ավելանան: Սա պարզունակ, տուֆտա հոգեբանական հնարք է, որը փորձում են գործածել ժողովրդի վրա: Այդ ինչո՞ւ է նման առավելությամբ հաղթած ՀՀԿ-ն տալիս վերահաշվարկի: Կեղծիքնե՞ր են տեսել, ինչի՞ց են դժգոհ: Եթե դուք ուզում եք փարատել կասկածները, թող թույլ տան հաշվարկել այն տեղամասերի տվյալները, որոնք ներկայացրել է ընդդիմությունը»,-ընդգծել է Զուրաբյանը:

Նա նշեց, որ օրինակ Նոր Նորքում ՀԱկ-ի ներկայացուցիչը վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել ու այդ պահին այլ դիմումներ չեն եղել, ու մնացել է մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, իսկ առավոտյան պարզվել է, որ ՀՀԿ-ն 10-12 վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել: