Փաստաբանների պալատում ստեղծված իրավիճակը տհաճ է եւ նման է հետապնդման։ Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, որը կարգապահական մի վարույթով ներկայացնում էր արդարացված զինծառայողի շահերը։ Վերջինս դիմել էր իր նախկին հանրային պաշտպանի դեմ վարույթ հարուցելու խնդրանքով եւ նշել, թե առաջին ատյանի դատարանում նա իրեն պատշաճ չի պաշտպանել։ Արդեն Վերաքննիչ քրեական դատարանում փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն էին պաշտպանել զինծառայողի շահերը եւ հասել արդարացման։

Այս գործի ավարտից հետո տեղի էին ունեցել զարգացումներ, որոնց հետեւանքով մեծ աղմուկ բարձրացավ: Հայտնի դարձավ, որ Փաստաբանների պալատի նախագահն ու նրա մամուլի քարտուղարը Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի դեմ հոդվածներ են պատվիրել, իբր նրանք «գողացել են» այլ փաստաբանի հաղթանակը։

2014թ. մարտի 3-ին միջադեպ էր գրանցվել մի քանի զինծառայողների միջեւ։ Պայմանագրային զինծառայող Դավիթ Բարոյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում հարվածներ էր հասցրել ենթասպա Արմեն Ավանեսյանին, վերջինս էլ ինքնապաշտպանվել էր։ Հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 358 հոդվածի հատկանիշներով, իսկ դատավոր Նապոլեոն Օհանյանը, կիսատ-պռատ քննելով գործը, մեղավոր էր ճանաչել եւ Բարոյանին, եւ ինքնապաշտպանվող ենթասպային։ Ընդ որում, մեղադրյալ Բարոյանի ցուցմունքը, որը միանշանակ ապացուցում էր ենթասպայի անմեղությունը, առաջին ատյանի դատարանում չէր հրապարակվել՝ պատճառաբանությամբ, թե ձեռագիրը վատն է եւ անընթեռնելի։

Դատավորն առաջարկել էր հրապարակել ոչ թե ցուցմունքը, այլ մեղադրական եզրակացության մեջ առկա ցուցմունքի վերլուծությունը, Ա.Ավանեսյանի պաշտպանը չէր առարկել, որեւէ միջոց չէր ձեռնարկել, որ հրապարակվի իրական ցուցմունքը: Արդեն վերաքննիչ դատարանում էր պարզվել, որ իրական ցուցմունքն ու դատարանում հրապարակվածն իրարից էապես տարբերվել են: Հետագայում թե ճառում, թե վերաքննիչ բողոքում հանրային պաշտպանը կրկնել էր մեղադրական եզրակացության մեջ առկա ցուցմունքի նկարագրությունը, այլ ոչ թե իրական ցուցմունքը:

Վերաքննիչ դատարանում արդեն ենթասպային պաշտպանել էին Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, որոնք հասել էին արդարացման, իսկ իր պաշտպանների դեմ պատվիրված հոդվածներից հետո պաշտպանյալը վարույթ հարուցելու միջնորդություն էր ներկայացրել։

ՓՊ խորհրդի նիստում սկզբից հանդես եկավ Ռուբեն Սահակյանը, որն ընդգծեց, թե հանրային պաշտպանը չի տիրապետել գործի նյութերին։ «Նա աջակցել է, որ դատավորը չիմանա իրական ցուցմունքը»,- նշեց Ռուբեն Սահակյանը։ Նրա կարծիքով, փաստաբանը «լռել է, երբ օրենքի դրույթն են խախտել եւ ողջ ցուցմունքը չեն կարդացել, լռել է, երբ ուրիշ բան են հրապարակել, լռել է, երբ դատախազ Վարդան Շելելենկյանը աղավաղել է ամբաստանյալներից մեկի ցուցմունքը»։ «Նա գործել է ի վնաս իր վստահորդի շահերի»- արձանագրեց Ռուբեն Սահակյանը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, թե հանրային պաշտպանը թերեւս ոչ թե միտումնավոր չի հրապարակել, այլ կաշկանդված է եղել։

Խորհրդի անդամների մեծ մասը, սակայն, հստակ նպատակ էին դրել իրենց առջեւ՝ ամեն գնով կարճելու վարույթը, եւ քննարկումը փորձում էին այլ տիրույթ տեղափոխել, եւ անգամ Փաստաբանական պալատի հիմնադիր նախագահի ներկայությունը ի վիճակի չէր նրանց արդարության մղել։ Փաստաբան Մարտուն Փանոսյանի հարցերից մեկը նույնիսկ հունից հանեց Ռուբեն Սահակյանին։ «Դե բավական է բանսարկություններ անեք»,- զայրացած արձագանքեց նա։

Պատասխանողի ներկայացուցիչ, հանրային պաշտպան Արմինե Ֆանյանն ու վարույթով եզրակացություն գրած Ռուբեն Բալոյանը ճգնում էին ապացուցել, թե հանրային պաշտպանը որեւէ խախտում չի կատարել, իսկ երբ Ռուբեն Սահակյանն առարկեց, թե պաշտպանն անգամ իր եզրափակիչ ճառն է արտագրել մեղադրական եզրակացությունից, նրանք ու խորհրդի մի քանի անդամներ հուսահատ փորձում էին հակառակն ապացուցել։ Ռուբեն Սահակյանը խնդրեց լրագրողներից մեկի համակարգիչն ու ներկաներին ապացուցեց իր խոսքերի իրավացիությունը։ Սահակյանը վերջում եզրափակիչ ելույթ չունեցավ, նշեց, թե հիասթափված է տեղի ունեցածից եւ լքեց նիստերի դահլիճը։

Փաստաբանական պալատում դեռ թեժ է. փաստաբանները հայց են ներկայացրել իրենց դեմ պատվիրված հոդվածների համար

Հետապնդում փաստաբանների դեմ. Հայտնի է պատվիրատուն

Պալատում արդեն տեւական ժամանակ տիրում է անառողջ մթնոլորտ

«Դուք նկատեցիք չէ, որ ճառի մասին բոլորը խուսափում էին խոսել։ Անգամ ասացին, թե չկա նման բան գրված, մինչեւ ես չխնդրեցի համակարգիչ եւ չգտա այդ պարբերությունը»,- արդեն միջանցքում լրագրողների հետ զրույցում ասաց նա եւ հավելեց. «Տպավորությունս այնպիսին է, որ այստեղ այլ հարց է լուծվում։ Ամբաստանում են Լուսինե Սահակյանին եւ Երվանդ Վարոսյանին՝ իբր այդ մարդիկ ուրիշի հաղթանակը խլել են, բայց այդ մարդիկ ընդհանրապես չեն արձագանքել։ Ո՞վ հղեցրեց, ո՞վ ծննդաբերեց, ո՞վ վիժեցրեց այդ բանը։ Մի վիժվածք միտք դուրս թռավ եւ դառավ մի պատերազմ, մի կաթիլ մեղրի պատմություն»։

Հարցին, թե ինչու լքեց նիստերի դահլիճը, Ռուբեն Սահակյանը պատկերավոր պատասխան տվեց. «Գիտեք, շատ դեպքերում նողկանք եմ ապրում, երբ նստում եմ դատական նիստերի, որտեղ տեսնում եմ՝ դատավորն ու դատախազը գործից կտրված են խոսում, ամեն ինչ անում են՝ մեղադրելու կամ արդարացնելու։ Ես միշտ քննադատել եմ դա»։ Այս դահլիճում ո՞վ Ձեզ վրա այդպիսի տպավորություն թողեց հարցին նա չպատասխանեց։

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես է գնահատում Փաստաբանական պալատում ստեղծված մթնոլորտը, Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Ինձ համար շատ տհաճ է դա։ Կան պատճառներ, թե ինչու ես հեռու պահեցի ինձ ամեն ինչից, բայց այսուհետ հեռու չեմ պահելու։ Եւ փորձելու եմ, որ այդ բացասական երեւույթները պալատում չլինեն։ Այս կարգապահական վարույթների տեղատարափը պետք է դադարի։ Սա հետապնդում եմ գնահատում»։ Նա միայն մեկ ելք է տեսնում ստեղծված իրավիճակից։ «Զրուցել, միայն զրուցել։ Փորձում եմ պարոն Զոհրաբյանի (Փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանի-հեղ.) հետ կապվել, 4-րդ օրն է չի պատասխանում զանգերիս։ Ամեն օր մեկ անգամ զանգելու եմ»։

Հ.Գ. Ինչպես եւ նախորդ նիստից հետո կանխատեսել էր Լուսինե Սահակյանը, Փաստաբաների պալատի խորհուրդը խորհրդակցական սենյակում մի քանի րոպե դռնփակ քննարկումից հետո հրապարակեց իր որոշումը՝ հանրային պաշտպանի դեմ վարույթը կարճել։ Որոշումը կողմերին կփոխանցվի 20-օրյա ժամկետում, իսկ դրանից հետո մեկ ամսվա ընթացքում այն կարող են բողոքարկել դատարան։