Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան վերջին հայտարարությունը կարող է հետեւանքներ ունենալ, եթե իրավապահ մարմինները դրանից հետեւություն չանեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։

Նշենք, որ ամերիկյան կողմի երրորդ հայտարարությունն էր սա, որն ուներ նաեւ սպառնալիքի տարրեր։  Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս:

ԱՄՆ դեսպանատան հայտրարությունները ընտրախախտումների վերաբերյալ հայաստանյան որոշ գործիչների կողմից մեկնաբանվեցին՝ որպես միջամտություն երկրի ներքին գործերին։ Մինչդեռ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունները համահունչ են ՀՀ-ում իրականացրած իրենց գործունեությանը։

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատան երրորդ հայտարարությունը համարում եմ շատ համահունչ այն մթնոլորտին, որ կար ե՛ւ հանրաքվեի ընթացքում, ե՛ւ քվեարկության հաջորդ օրերին, բացի այդ այն համահունչ է Հայաստանի նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքին։ Ուզում եմ փաստել, որ որեւէ երկիր մինչեւ այս պահը՝ թե՛ ֆինանսական ոլորտի, թե՛ ժողովրդավարության հաստատման ուղղությամբ ծրագրերի, կոռուպցիայի դեմ պայքարի, գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերած աջակցության առումով որեւէ պետություն այդչափ օգնություն չի տրամադրել, որքան ԱՄՆ-ն, նույնիսկ աշխարհի մակարդակով մեկ շնչին բաժին ընկնող օգնության առումով Հայաստանը խիստ առաջատար դիրքերում է»,-ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ եթե մի պետություն օժանդակում է մեր երկրում ժողովրդավարության հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցների տրամադրմանը, ընտրական գործընթացները ավելի բարելավվելու ծրագրերի օժանդակմանը, այդ հայտարարությամբ իրավունք ուներ հանդես գալու։ «Ինձ ավելի շատ զարմացնում է, որ  կան մարդիկ, որոնք դա դիտարկում են զուտ միջամտություն։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս հայտարարությունը տեղին լինելով հանդերձ՝ իր էական ազդեցությունը կունենա»,-նշեց Քոքոբելյանը։ Հարցին, թե հայտարարությունը ինչ հետեւանքներ կարող է ունենալ, պատասխանեց. «Հետեւանքներ կունենա, որոնք բնականաբար կախված են բացառապես ՀՀ իրավապահների համարժեք կամ ոչ համարժեք գործողություններից։ Եթե հետություններ չանեն, ապա կլինեն հետեւանքներ»,-ասաց Խաչատուր Քոքոբելյանը։