Երեւանի Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին տուժած լրագրողների գործով որեւէ մեկն օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության չի ենթարկվել, թեեւ դեպքից անցել է արդեն վեց ամիս: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Այս ծավալուն գործն ի սկզբանե վարում է միայն մեկ քննիչ, ըստ իս, սա ցինիկ մոտեցում է: Միայն Կոմիտեի` գլխավոր դատախազին իր մտահոգությունները հայտնելուց հետո ձեւավորվեց քննչական խումբ: Այնուհետեւ արդեն լրագրողների, փաստաբանների զրույցների ընթացքում պարզ դարձավ, որ ոչ բոլոր քննիչներն են պրոֆեսիոնալ եւ կասկածներ են առաջանում` ինչքանով այդ անձինք ի զորու որոշում կայացնելու»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով` այս պահի դրությամբ կա 31 տուժող, մինչդեռ որեւէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա: Նշենք, որ Կոմիտեի տվյալներով` հունիսյան հայտնի դեպքերի ժամանակ տուժել է 24 լրագրող, ֆոտոլրագրող եւ օպերատոր:

«Կան լրագրողներ, որոնք առ այսօր հարցաքննության չեն հրավիրվել: Խոսքը չորս անձի մասին է: Ըստ քննիչների պատասխանի` այդ անձանց հրավիրել են հարցաքննության, սակայն չեն ներկայացել: Մենք պարզեցինք, որ նրանցից երկուսը փոխել են իրենց դիրքորոշումը, իսկ օպերատորներ Հովսեփ Հովսեփյանն ու Գոռ Հովհաննիսյանը մեզ ասել են, որ իրենց չեն ծանուցել»,- ասաց Կոմիտեի նախագահը:

Իրավաբան Արա Ղազարյանն էլ հայտնեց, որ իրենք հետեւողական են լինելու բոլոր դեպքերով:

«Վերջին վեց տարվա ընթացքում ընդամենը մասնագիտական գործունեության խոչընդոտման մեկ դեպքն է ընդամենը դատարան մտել: Մինչդեռ լրագրողների նկատմամբ բռնությունները շատ են եղել: Այդ մեկ գործն էլ Ազգային ժողովի մոտ «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ է»,- ասաց Արա Ղազարյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ցրել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին: Այդ օրը ֆիզիկական բռնության էին ենթարկվել նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներ, մի քանիսից խլել էին նկարահանող սարքերը, կոտրել կամ հիշողության քարտերը ապօրինի առգրավել, ինչպես նաեւ շատերը բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին: