Ես եկել եմ պաշտպանելու Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը, ես դա չեմ կապում իմ անձի հետ, այդ պաշտոնն իմ սեփականությունը չէ: Այդ մասին դեկտեմբերի 26-ի մամուլի ասուլիսին հայտնել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:  

Նրա խոսքով, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը մեծ անուն ունեցող արվեստագետ է, նա հայրենիքի համար կարեւոր է որպես արվեստագետ:  «Մենք պիտի դրականորեն խոսենք նրա մասին: Նա թատրոնի ուղղվածության վերաբերյալ սեփական պատկերացումներն ունի: Ինձ համար տարօրինակ է, որ ես գլխավոր դիրիժորի պաշտոնի վերացման մասին ծանուցում եմ ստացել որոշման իրականացումից երեք օր առաջ», - նշել է Կարեն Դուրգարյանը: Սովորաբար, պարզաբանել է նա, նման բաների մասին մարդկանց տեղեկացնում են  2-3 ամիս առաջ: «Նման դեպքերում տուգանք է նախատեսվում: Հետեւաբար թատրոնն ինձ տուգանք պիտի վճարի», - նշել է Կարեն Դուրգարյանը: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնի վերացումը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով: «Կներեք, ես չգիտեմ, թե դա ինչ է: Ու նա ինձ չասաց, թե ինչու է նման որոշում կայացրել», - ընդգծել է Կարեն Դուրգարյանը:

Անդրադառնալով պաշտոնի կրճատման ենթատեքստին եւ իր ազատմանը, ինչպես նաեւ շրջանառվող լուրերին այն մասին, որ այդ պաշտոնին ցանկանում են նշանակել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Սերգեյ Սմբատյանին, Կարեն Դուրգարյանն ասաց.  «Չեմ կարող խոսել ինչ-որ բանի մասին, որն օդում է կախված: Ոչ մեկը չի կարող ինձնից խլել իմ մասնագիտությունը: Պաշտոնը կարող են վերցնել որոշակի պատճառներով: Ես երբեք որեւէ մեկի կարծիքը չեմ քննարկել: Դրանք ուղղակի օդում զրույցներ են, որոնց ես չեմ մասնակցի»:

Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանն առաջարկել է վերացնել գլխավոր դիրիժորի պաշտոնը եւ օտարերկրյա դիրիժորների հրավիրել: Նրա խոսքով, մեկ-երկու տարի նվագախումբը գլխավոր դիրիժոր չի ունենա: Նվագախմբի երաժիշտները դեմ են այդ որոշմանը եւ աջակցում են գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին: