ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից  կաշառք ստանալու դեպք:

ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս  Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր  Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը   համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով:

«Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված  են, 11.01.2016թ.-ին նաեւ ձերբակալվել են մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը:

Նախաքննությունը շարունակվում է: