Մեծ երջանկություն եմ զգում, որ հայ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը տեղափոխվել է «Բեշիքթաշ»։ Նման տողեր է գրել ֆեսյբուքի իր էջում Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Սելինա Դողանը։

Թուրքական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ընտրացուցակով պատգամավոր դարձած Սելինա Դողանը նշել է, թե սպորտը եւ սպորտային մրցակցությունը միմյանց ճանաչելու, եղբայրական կապերի ամրապնդման տեսանկյունից կարեւոր դեր են կատարում։  «Չնայած դրան, սոցկայքերում Արաս Օզբիլիսի հանդեպ ռասիստական գրառումների պատճառով մեծ տխրություն ապրեցի։  Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է։

Եւ չպետք է մոռանալ, որ Թուրքիայում ֆուտբոլը բերել են ոչ մուսուլման ժողովուրդների կողմից, առաջին ակումբները նրանց կողմից են ստեղծվել։

Սիրելի Արասին «Բեշիքթաշում» հաջողություններ եմ մաղթում։ բարի գալուստ այն հողերը, որտեղ որ ծնվել ես, բարով եկար քո տուն, Արաս»,-գրել է Սելինա Դողանը։