Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը NEWS.am-ի հետ հարցազրույցումպատմում է հայ-գերմանական փոխհարաբերությունների, ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի մասին:

Պարո՛ն դեսպան, 2017թ. լրանում է Գերմանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ի՞նչ զարգացումներ են ապրել երկկողմ հարաբերություններն այս տարիների ընթացքում եւ ի՞նչ մակարդակի վրա են նրանք գտնվում այսօր: 

Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել 1992 թվականի հունվարին եւ այսօր նրանք զարգանում են փոխըմբռնման եւ բարեկամության ոգով: Երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով Գերմանիայի հետ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի ձգտումը պայմանավորված է միջազգային ասպարեզում այդ երկրի քաղաքական եւ տնտեսական ակտիվ դերակատարմամբ, Եվրամիության շրջանակում ունեցած նրա ծանրակշիռ դիրքով, ինչպես նաեւ Հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ Գերմանիայի կողմից ցուցաբերվող հետաքրքրությամբ:

Պարբերաբար իրականացվող բարձրաստիճան փոխայցերը շարունակում են նպաստել կողմերի միջեւ քաղաքական կանոնավոր երկխոսության ձեւավորմանը: Առավել հաճախակի են փոխայցերը արտգործնախարարների մակարդակով, պարբերաբար անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ:

Ակտիվորեն զարգանում են նաեւ երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունները: Այս համատեքստում կցանկանայի առանձնացնել այս տարվա մայիսին Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Ալբերտ Վայլերի գլխավորությամբ Բունդեսթագում հիմնված Գերմանա-հայկական ֆորումը: Լիահույս եմ, որ այն լրացուցիչ լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Գերմանիան Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումներին աջակցող ամենաակտիվ դոնոր երկրներից է՝ երկրորդը ԱՄՆ-ից հետո: Զարգացման համագործակցության քաղաքականության շրջանակներում Գերմանիայի կառավարությունը Հայաստանին 1992թ.-ից ի վեր հատկացնում է տեխնիկական եւ ֆինասնական օժանդակություն, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության` GIZ-ի եւ Վերակառուցման վարկային բանկի` KfW-ի միջոցով:

Գերմանիան Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից է, իսկ ԵՄ երկրների շարքում գրավում է առաջին տեղը: Հայաստանում 2015թ. փետրվարի դրությամբ գրանցված է գերմանական կապիտալի մասնակցությամբ 80-ից ավել ձեռնարկություն:

Առկա է ակտիվ համագործակցություն ռազմական բնագավառում: Այն ընթանում է ռազմական բժշկության, ռազմական կրթության, փորձի փոխանակման, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: 2010թ.-ից Աֆղանստանում անվտանգության ապահովման ուղղությամբ խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈւ  ստորաբաժանումը  կցված է ԳԴՀ  ԶՈՒ ստորաբաժանմանը:

Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ստորագրվել են տարբեր ոլորտներում  միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական 50-ից ավել համաձայնագրեր եւ հուշագրեր, այդ թվում` ֆինանսական եւ տեխնիկական, առեւտրատնտեսական, օդային հաղորդակցության, առողջապահության, գիտության, կրթության եւ մշակույթի, բնապահապնության ոլորտների, ռեադմիսիայի մասին եւ այլն:

Այսօր Գերմանիայում կա 50-ից 60 հազարանոց հայկական համայնք: Ո՞ր քաղաքներում են հիմնականում կենտրոնացված հայերը, եւ ի՞նչ առանձնահատկություններով կարելի է նրանց բնութագրել:

19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայ մտավորականների եւ վաճառականների փոքր խումբ ժամանեց Գերմանիա՝ հաստատվելով Բեռլինում, Լայպցիգում, Դրեզդենում, Համբուրգում: Հենց այդ ժամանակահատվածն էլ համարվում է հայկական համայնքի կազմավորման սկիզբ:

Հետագայում համայնքի շարքերը տարիների ընթացքում համալրվել են Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներով, Երկրորդ աշխարհամարտի հայ ռազմագերիներով, ավելի ուշ՝ Թուրքիայից, Մերձավոր եւ Միջին Արեւելքից, Իրանից ներգաղթած հայերով:

Առաջին համայնքային կառույցներն ստեղծվել են Բեռլինում, Քյոլնում, Համբուրգում, Մյունխենում, Մայնի Ֆրանկֆուրտում եւ Շտուտգարտում: 1980-ական թվականների վերջում միություններ են ստեղծվում նաեւ Բրեմենում, Բիլեֆելդում, Դույսբուրգում, Բոնում, Նյուրնբերգում:

Գերմանահայ համայնքի թվի մասին ստույգ տվյալներ դժվար է ասել, սակայն   կոպիտ հաշվարկներով Գերմանիայում այսօր ապրում են 50-60  հազար հայեր:

Գերմանիայում գործում են երկու հիմնական համայնքային կազմակեպություններ՝ եկեղեցական, որոնք գործում են Գերմանահայոց Առաջնորդարանի հովանու ներքո եւ, այսպես կոչված, աշխարհիկ, որոնք համախմբված են Գերմանահայոց կենտրոնական խորհրդի շուրջ: Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը ստեղծվել է 1991 թվականին Քյոլնում, որտեղ էլ տեղակայված է Գերմանահայոց Առաջնորդարանը:

Գերմանահայոց Առաջնորդարանի պաշտոնական տվյալների համաձայն Գերմանիայում գործում է շուրջ 15 եկեղեցական համայնք եւ 20-ից ավել հայկական հասարակական կազմակերպություն ու միություն:

Արդեն 100-ամյա Գերմանահայկական ընկերակցության հովանու ներքո լույս է տեսնում գերմանալեզու «Հայ-գերմանական թղթակցություն»  ամսագիրը:

Իմ գնահատմամբ՝ դեսպանությունը հնարավորինս արդյունավետ համագործակցություն է ծավալել հայկական միավորումների հետ.  փորձելով  առկա ներուժից առավելագույնը քաղել: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 2015 թվականն այս առումով հաջողված տարի էր. մենք կարողացանք համայնքային կառույցների հետ համատեղ ջանքերով Գերմանիայում մեծ հնչեղություն ապահովել Թուրքիայի կառավարության ժխտողականության շուրջ: Առանց չափազանցնելու կարող եմ արձանագրել, որ երբեք Հայաստանի անունն այդքան հաճախ չէր հայտնվել գերմանական դաշնային, տեղական եւ առհասարակ հեղինակավոր մամուլի էջերում, որքան հայտվեց անցած տարվա ընթացքում:      

Կխնդրեինք համառոտ ներկայացնել այն միջոցառումները, որոնք անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում՝ դեսպանատան հովանավորությամբ եւ աջակցությամբ: Այս համատեքստում կխնդրեինք նաեւ մանրամասնեիք Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը քննարկումների ընթացքը եւ ներկա փուլը:

2015-ը, իհարկե, հագեցած էր հիշատակի միջոցառումներով: Սկսած տարեսկզբից՝ ինչպես դեսպանության, այնպես էլ գերմանահայ համայնքի  ջանքերով մայրաքաղաք Բեռլինում եւ Գերմանիայի բազմաթիվ այլ քաղաքներում անցկացվեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը ոգեկոչող 90-ից ավելի միջոցառումներ: Գերմանական գիտական, մշակութային տարբեր հաստատություններ, քաղաքական հիմնադրամներ թեմայի շուրջ քննարկումներ, կազմակերպեցին, անցկացվեցին հուշ-երեկոներ, համերգներ, տեղի ունեցան Հայոց ցեղասպանությանը նվիրված վեց գերմանալեզու գրքերի շնորհանդեսներ: Թեման, առհասարակ, թեժ քննարկումների կիզակետում էր ինչպես քաղաքական եւ հասարականան շրջանակներում, այնպես էլ՝  մամուլի էջերում: 

Հիշատակի միջոցառումներից բացառիկ էր Բեռլինի մայր տաճարում ապրիլի 23-ին անցկացված հիշողության էկումենիկ պատարագը, որն իր ներկայությամբ պատվեց Գերմանիայի Դաշնային նախագահ Յոախիմ Գաուկը՝  իր  ելույթում հայերի հետ տեղի ունեցածն անվանելով ցեղասպանություն:

Փետրվարի 26-ին Բեռլինի խորհրդարանում, իսկ ապրիլի 24-ին Ֆրանկֆուրտում տեղի ունեցավ Ցեղասպանությանը նվիրված դեսպանության եւ համայնքային գլխավոր միջոցառումները: Տեղական իշխանությունների նախաձեռնությամբ եւ աջակցությամբ անցկացվեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշ-երեկոներ Գերմանիայի բոլոր երկրամասերում:

Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում մեկ ամսից ավել ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր: Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի ջանքերով ստեղծվեց  եւ գործարկվեց  www.genozid1915.de գերմանալեզու կայքը: Կայքում հրապարակվեցին պատմական իրադարձություններին առնչվող արխիվային նյութեր, հարցազրույցներ, կենտրոնական եւ համայնքային միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն:

Այս ամենը զուգորդվեց որոշակի քաղաքական զարգացումներով. ինչպես հայտնի է, ապրիլի 24-ին Բունդեսթագում թեմայի շուրջ հրավիրվեց հատուկ քննարկում, որին ներկա էր նաեւ կանցլեր Անգելա Մերկելը: Կոալիցիոն խմբակցությունները՝ պահպանողականներն ու սոցիալ-դեմոկրատները համատեղ, իսկ երկու ընդդիմադիր ուժերը՝ կանաչներն ու ձախերը, իրարից անկախ ներկայացրեցին ճանաչման եւ դատապարտման բանաձեւերի նախագծեր: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ պրոֆ. Լամերթը, ով հայերի դեմ դարասկզբի թուրքական գործողությունները հստակ կերպով որակեց իբրեւ ցեղասպանություն: 

Ապրիլի 24-ի քննարկումից հետո հիշյալ փաստաթղթերն ուղարկվել են համապատասխան հանձնաժողովներ՝ Արտաքին հարաբերությունների եւ Մարդու իրավունքների հարցերով: Վերջինս տվել է իր կարծիքը, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կարծիքը, որն այս հարցում վճռորոշ դեր է խաղում, դեռ գտնվում է քննարկման փուլում:

Հայտնի է, որ Գերմանիայում ակտիվ գործում է թուրքական համայնքը: Ինչպիսի՞ խոչընդոտներ է այն ստեղծում հայ-գերմանական հարաբերությունների կայուն զարգացման ճանապարհին: 

Մեր դիվանագիտությունը Գերմանիայում մենք կառուցում ենք՝ ոչ թե ելնելով ինչ-ինչ խոչընդոտ թվացող հանգամանքներից, այլ այն պարարտ հողի վրա, որն առկա է հայ-գերմանական հարաբերություններում եւ փորձում ենք այն էլ ավելի արգասաբեր դարձնել: Կարծում եմ դա է ճիշտ ճանապարհը:

Գերմանիայում ապրում են միլիոնավոր ներգաղթյալներ, այդ թվում՝ նաեւ թուրքական ծագում ունեցող մի քանի միլիոն քաղաքացիներ: Երբ ասում եք խոչընդոտ, նախ եւ առաջ, թերեւս, պատկերացնում ենք Ցեղասպանության խնդրի շուրջ զարգացումների դեմ թուրքական համայնքի, լոբբիստական կազմակերպությունների գործողությունները: Թուրքական համայնք ասվածն այստեղ այնքան էլ միանշանակ չէ, այսինքն՝ չկա միատարր համայնք:  Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի դեմ ցույցեր կամ գործողություններ ձեռնարկել Գերմանիայում այդքան էլ դյուրին չէ, քանզի հայտնի է, որ այս երկիրը խիստ զգայուն է ժխտողականության դրսեւորումների հարցում: Այսինքն, Գերմանիայում Ցեղասպանությունը հերքելու, կասկածի տակ դնելու, ատելություն, խտրականություն քարոզելու կամ ճանաչումը խանգարելու թուրքական փորձերն իրականում ոչ թե խոչընդոտ են դառնում մեզ համար, այլ վարկաբեկում են հենց նման գործողություններ ձեռնարկողներին կամ հրահրողներին: Չպետք է մոռանալ, որ Էրդողանի վերջին այցերը Գերմանիա գերմանական մամուլի եւ քաղաքական լայն շրջանակների կողմից որակվել են իբրեւ քարոզարշավային այցեր: Միեւնույն ժամանակ չպետք է թերագնահատել գերմանական որոշ ավանդական կուսակցություններում գերմանաբնակ թուրքերի ներկայությունն ու գործոնը, ինչպես նաեւ միջին խավում թուրքական ծագում ունեցողների ազդեցության աճը:

Գերմանիան աշխարհին հայտնի է հատկապես բժշկության եւ տեխնոլոգիաների բարձր զարգացման մակարդակով: Իրականացվո՞ւմ են արդյոք հայ-գերմանական համատեղ ծրագրեր այս ոլորտներում:

 2003 թվականից ԳԴՀ կառավարության դրամաշնորհով Հայաստանում իրականացվում է թոքախտի դեմ պայքարի ծրագիրը:

Գերմանական առանձին կլինիկաներ, անհատներ եւ տարբեր բարեգործական կազմակերպություններ առ այսօր օգնություն են ցուցաբերում Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» կլինիկայի քիմիաթերապիայի բաժանմունքին` վերջինիս հիմնադրման օրվանից:

2012-ի օգոստոսին  տարածաշրջանային այցով Հայաստանում էր Գերմանիայի  առողջապահության նախարարության պետքարտուղար Թոմաս Իլկայի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ԳԴՀ առողջապահության նախարարության պետքարտուղարը եւ ՀՀ առողջապահության նախարարը ստորագրել են առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն, որով նախատեսվում է երկկողմ համագործակցություն  բժշկական ապահովագրության համակարգերի, հանրային առողջապահության զարգացման,  առողջապահության ոլորտում օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։ Հայաստանից բազմաթիվ բժիշկներ կատարելագործվել են գերմանական տարբեր կլինիկաներում եւ այսօր իրենց հարուստ փորձն են ներդնում հայրենական տարբեր բուժհիմնարկներում:

Մի շարք գերմանացի հայտնի պրոֆեսորներ այցելում են Հայաստան, կատարում խորհրդատվություններ, տեսավիրահատություններ՝ սերտորեն համագործակցելով մեր բժիշկների հետ: Լիահույս եմ, որ գալիք տարում այս բնագավառում նկատելիորեն կխորանա համագործակցությունը:

Հայաստանի տարածքում բավական լայն տարածում ունի գերմաներեն լեզուն: Այս համատեքստում ի՞նչ մակարդակի վրա է գտնվում համագործակցությունը գիտակրթական ոլորտում:

Հայաստանն ու Գերմանիան հաջող փոխանակում են իրականացնում գիտակրթական ոլորտում, ինչին նպաստում են գերմանական մի շարք քաղաքական հիմնադրամների, DAAD-ի, Goethe-Institut-ի, Բունդեսթագի եւ այլ կազմակերպությունների ու կառույցների աշխատանքն ու ծրագրերը: Հայ երիտասարդ մասնագետներն այսօր լավ հնարավորություն ունեն հիշյալ կազմակերպությունների միջնորդությամբ վերապատրաստվելու, կրթություն ստանալու Գերմանիայում, մասնակցելու կարճաժամկետ եւ երկարաժամկետ փոխանակման, հետազոտական ծրագրերի:

Անկախացումից ի վեր 2000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ կրթաթոշակներ են ստացել Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության եւ այլ հաստատությունների միջոցով: Հայաստանում կրթական ծրագրերի կյանքի կոչման համար DAAD-ը ՀՀ-ին օժանդակող խոշորագույն հաստատություններից է: 1991-ից ի վեր DAAD-ը ֆինանսավորել է 1000-ից ավել հայաստանցի կրթաթոշակակիրների:

Ես կարեւորում եմ նաեւ Բունդեսթագի  IPS (Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ) ծրագիրը, որի շրջանակներում ամեն տարի հայաստանցի երիտասարդ մասնագետները հինգամսյա աշխատանքային պրակտիկա են անցնում Բունդեսթագի որեւէ պատգամավորի գրասենյակում: Գոհունակությամբ նշեմ, որ փոխադարձության սկզբունքով ՀՀ ԱԺ աշխատանքներին ծանոթանալու նպատակով արդեն երկրորդ տարին է Հայաստանի խորհրդարանը երիտասարդ գերմանացի փորձագետների է հյուրընկալում:

2012 թվականից սկսած՝ Հայաստանը մասնակցում է նաեւ Արտաքին քաղաքականության գերմանական ընկերության (DGAP) կազմում գործող Կարլ Ֆրիդրիխ Գյորդելերի անվան քոլեջի կողմից իրականացվող “Good Governance” ծրագրին, որը ֆինանսավորվում է գերմանական «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի կողմից: Ծրագրի շրջանակներում անցկացվում են վերապատրաստման սեմինարներ պետական կառավարման ոլորտի երիտասարդ մասնագետների համար` յուրաքանչյուր երկրից 3-ական մասնակից ձեւաչափով:

Մենք կարեւորում եւ աջակցում ենք գիտահետազոտական ոլորտում յուրաքանչյուր փոխանակում եւ երկխոսություն: Իհարկե, այստեղ կարեւոր է լեզվի տիրապետումը: Ես ուրախ եմ, որ Հայաստանում տարեցտարի աճում է գերմաներենով հետաքրքրվողների թիվը: Հույս ունեմ, որ մոտ ապագայում Հայաստանում կգործի լիարժեք գերմանական դպրոց:

Այս տարի Գերմանիայում քննարկվող ամենաակտուալ թեման, թերեւս, փախստականների խնդիրն էր: Որեւէ ազդեցություն ունեցե՞լ է այն մեր երկրների միջեւ փոխհարաբերությունների վրա:

Փախստականների խնդիրն ազդել է առհասարակ Գերմանիայի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների վրա: Մերձավոր Արեւելքից փախստականների ահռելի հոսքը դեպի Գերմանիա լուրջ մարտահրավեր է նետել երկրի բոլոր բնագավառներին, պետական կառույցներին, հասարակությանը:

Քանի որ այս խնդրում Հայաստանն անմիջական դերակատար չէ, երկկողմ հարաբերությունների զարգացումը պահպանել է իր բնականոն դինամիկան:

Դուք երկար տարիներ ուսանել եւ աշխատել եք Գերմանիայում: Ո՞րն էր ձեռք բերված ամենակարեւոր փորձը, որը հատկապես օգնում է Ձեզ պաշտոնավարման ընթացքում:

Գերմանացիներին առհասարակ ողջ աշխարհում հստակ որակներ են վերագրում՝ կարգապահություն, ճշտապահություն, աշխատանքային բարձր մշակույթ, պատասխանատվություն: Ասեմ՝ սրանք կարծրատիպային հատկանիշներ չեն. այս հատկանիշներով այստեղ առաջնորդվում են, ապրում եւ աշխատում: Գերմանիայում երկարամյա իմ գործունեությունն ինձ հնարավորություն է տվել գնահատելու եւ ապրելու այս որակները, որոնք չափազանց կարեւոր են նաեւ մասնագիտական մշակույթում: Բացի այդ, իմ գործունեության ընթացքում ինձ օգնում եւ լրացուցիչ լիցք է տալիս իմ մեծ հարգանքը Գերմանիայի, նրա մշակույթի, պատմությունը վերաիմաստավորելու նրա բացառիկ կամքի հանդեպ:

Իմ «գերմանական» փորձն ասում է՝ հնարավոր է գրանցել մեծ ձեռքբերումներ, որի համար ընդամենը ցանկություն է պետք, ցանկություն ու կամք:   

Այս հարցն ուղղում ենք խորագրի շրջանակներում մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտություն ընտրել պատրաստվողներին:

Իհարկե, յուրաքաչյուրն ինքն է որոշում՝ ինչպես կառուցի իր մասնագիտական ռազմավարության անկյունաքարերը: Իմ փորձից, այդուհանդերձ, պետք է ասեմ, որ դիվանագիտությունը մասնագիտություն է՝ նաեւ աշխատանքային ժամերից դուրս: Եթե դիվանագետ ես, ապա կամա թե ակամա քո երկրի դիվանագետն ես նաեւ «օտար» վարսահարդարի մոտ, դիվանագետ ես «օտար» բժշկի մոտ, երեկոյան «օտարների» հետ սրճելիս, ինքնաթիռում նստած կամ գնումներ անելիս: Ավելի ճիշտ՝ պարտավոր ես այդպիսին լինել, եթե սիրում ես քո երկիրը եւ եթե դիվանագետ ես: Դիվանագիտությունը, այսպիսով, նաեւ կենսակերպ է, ծառայություն, օրինակ, կեցվածք...

Չլինել միայն «աշխատանքային ժամերի դիվանագետ». թերեւս, սա է իմ խորհուրդն այս մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:    

Աշոտ Սմբատյան

Ծննդյան տվյալներ` 30.04.1969թ.

Ծննդավայր` ք. Երեւան

Ընտանեկան կարգավիճակ` ամուսնացած, 2 երեխա

Կրթություն

1975 – 1985թթ. Միջնակարգ կրթություն, ավարտել է դպրոցը գերազանցությամբ / Ոսկե մեդալով

1985 – 1987թթ. Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող

1987 – 1988թթ. Զինծառայություն խորհրդային բանակում

1988 – 1990թթ. Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող

1990 – 1991թթ. Գերմանական Ակադեմիական փոխանակման ծառայության  /ԴԱԱԴ/ կրթաթոշակիր,  Դրեզդենի տեխնիկական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող

1991թ. Գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետը

1991 - 1993թթ.                Լայպցիգի համալսարանի ասպիրանտուրա

1993 – 1997թթ.  Ուսանել եւ ավարտել է Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը

Աշխատանքային գործունեություն

1991 – 1993թթ. Ասպիրանտուրային կից աշխատել է գերմանական AVX/SIEMENS ընկերության գիտահետազոտական բաժնում

1994 – 1996թթ. Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի գիտաշխատող

1996 – 1997թթ. Բեռլինի գիտության եւ կրթության սենատին առընթեր համալսարանական մաթեմատիկական միության դասախոս

1997 - 2008թթ.                Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության գրասենյակի վարիչ

2009թ. Հայաստանի Հանրապետության       արտգործնախարարություն, սփյուռքի բաժին,  խորհրդատու-փորձագետ

2010 – 2011թթ. Դասախոսական եւ խորհրդատվական գործունեություն

2011 – 2013թթ. Հայաստանի Հանրապետության       արտգործնախարարություն,

Եվրոպայի վարչություն, առաջին քարտուղար

2012թ. Վերապատրաստում ԳԴՀ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում

2014 – 2015թթ. Գերմանիայում ՀՀ դեսպանություն, խորհրդական, փոխդեսպան

2015թ. Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար      

2015թ. Մայիսից Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Դիվանագիտական աստիճան՝ Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար

Մի շարք գիտական աշխատություների եւ հոդվածների հեղինակ է։

Զրույց դեսպանի հետ. Տիգրան Սեյրանյան

Զրույց դեսպանի հետ. Միքայել Մինասյան

Զրույց դեսպանի հետ. Օլեգ Եսայան

Զրույց դեսպանի հետ. Արշակ Փոլադյան

Զրույց դեսպանի հետ. Համլետ Գասպարյան

Զրույց դեսպանի հետ. Արմեն Սարգսյան

Զրույց դեսպանի հետ. Գրիգոր Հովհաննիսյան

Զրույց դեսպանի հետ. Ձյունիկ Աղաջանյան 

Զրույցդեսպանի հետ. Տիգրան Գեւորգյան

Զրույցդեսպանի հետ. Հրանտ Պողոսյան

Զրույցդեսպանի հետ. ԱրաՍահակյան

Զրույցդեսպանի հետ. Գագիկ Ղալաչյան

Զրույցդեսպանի հետ. Նիկոլայ Սարկիսով

Զրույցդեսպանի հետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան