Վանաձորում հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակելու կասկածանքով կան բերման ենթարկվածներ: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ հետախուզական  եւ որոնաղական միջոցառումների շնորհիվ  բերման է ենթարկվել երեք  անձ: Վանաձորի բնակիչ 24-ամյա Արթուրը, 25-ամյա Արայիկը եւ Սպիտակի բնակիչ 23-ամյա Ռադիկը:

Ի դեպ` Արայիկի բնակարանից զննությամբ հայտնաբերվել է այն ատրճանակը, որով ոստիկանների ուղղությամբ կրակոց էր արձակվել:

Խուզարկությամբ նրանց բնակարաններից հայտնաբերվել է մեծ քանակությամբ գողոն:

Մանրամասները ճշտվում են: Այս պահին շարունակվում են քննչական գործողությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորում հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը բնակարանգողերը կրակոցներ են արձակել ոստիկանների ուղղությամբ: 00:03-ի սահմանում ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնում ահազանգ է  ստացվել, որ Նարեկացի փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում գողություն է կատարվում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: Հասնելով բնակարան՝ ոստիկանները փորձել են բացել բնակարանի դուռը, բնակարանագողերը ոստիկանների ուղղությամբ կրակոցներ են արձակել: Հանցագործներին հաջողվել է փախչել:

Մեր տեղեկություններով, կրակոցներից ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Այս պահին ուժեղացված ծառայություն է իրականացվում նաեւ քաղաքից դուրս եկող ավտոճանապարհներին:

Մեր տեղեկություններով, ոստիկանություն ահազանգողը եղել է այն բնակարանի տանտիրոջ հարազատներից մեկը, որտեղ կատարվել է գողությունը: