«Սերիալները հայկական կինոմտածողության տունը քանդում են, տակով անում մեր ապշելու կինեմատոգրաֆիան»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը:

Մաթոսյանին մտահոգում է այն, որ հայկական հեռուստաալիքների գերակշիռ մասն այսօր ցուցադրում է ամեն ինչ, բացի «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերից, ինչի  հետեւանքով էլ, նրա կարծիքով, ներկայիս երիտասարդությունը ծանոթ չէ հայկական կինեմատոգրաֆին:

«Ներկայիս երիտասարդ սերունդը տեղեկացված չէ հայկական կինոյից, ոչ իր մեղքով, նրանց ուղղորդողներ չկան: Ես կարող եմ բացահայտ ասել, որ մեր հեռուստաալիքները վատ են ներկայացնում ազգային մշակույթը, այդ թվում ազգային ֆիլմերը: Ես շատ եմ ցավում, որ ազգայինը արհամարհվում է»,-ասում է նա:

Փոխարենը, ըստ Մաթոսյանի, հեռուստադիտողներին մատուցում են, «մատից ծծած», էժանագին սերիալներ, որոնք նա աղետ ու ողբերգություն է համարում:   

«Ցավալին այն է, որ արյուն, սպանություն, գռեհկաբանություն, ժարգոնային լեզուն փողոցից էկրան բերող սերիալները լսարան են հավաքում: Սա ողբերգություն է, իսկ հեղինակները կարող են ասել, լսարան կա, մենք էլ նկարում ենք, բա արվեստն էլ ինչի՞ համար է, արվեստը գեղեցիկը ներկայացնելու համար է»,- նշում է «+ Կինո» ամսագրի գլխավոր խմբագիրը: 

Հայկական սերիալների որակից եւ լսարանից խոսելիս` Մաթոսյանը հիշում է հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Անրի Վերնոյի հետ հանդիպմանը վերջինի կողմից հնչեցրած միտքը. «Պետք չէ իջնել հանդիսատեսի մակարդակին, այլ պետք է զգուշորեն նրա ձեռքից բռնել ու վեր բարձրացնել»:

«Մեզ մոտ չունենք, ցավոք սրտի, այդ վեր բարձրացնելը, մենք ընտրում ենք հեշտ ճանապարհը` իջնում ենք ներքեւ»,-ասում է նա:

Համեմատելով հայ կինոյի անվանիներին եւ ներկայիս դերասաններին`Մաթոսյանը նշում է, որ վերջիների շաքերում նախորդներին փոխարիողների չի տեսնում:

«Չեմ հերքում, որ կան շնորհալի դերասաններ, բայց հայ կինոյի մեծերի փոխարինողներ չունենք: Երեւի ամեն մի ժամանակը ծնում է իր մեծերին: Հիմա ես տեսնում եմ իրենց աստղ երեւակայող, աստղային հիվանդությամբ տառապող դերասանների: Մեկ-երկու սերիալում խաղացած, ծամածռությունների հաշվին հայտնի դարձածների»,-ասում է նա:

Մաթոսյանը եզրափակում է` հայ կինոն, եւ առհասարակ, ազգային մշակութային արժեքները պահպանելու համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանական համապատասխան կառույցները լուրջ քաղաքականություն վարեն: