Այսօր` սեպտեմբերի 16-ին, Կառավարությունը լիազորեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը՝ իրանական «Ֆարաբ-Սեպասադ» ընկերության հետ Արաքս գետի վրա (Մեղրու շրջանում) հիդրոէլեկտրակայան կառուցելու պայմանագիր ստորագրել:

Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու նպատակով Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ 2007թ. եւ 2008թ. ստորագրվել են միջկառավարական երկու համաձայնագրեր, որոնք վավերացվել են երկու երկրների խորհրդարանների կողմից:

2009թ. ապրիլի 14-ին ՀՀ նախագահի` Իրան կատարած այցի ընթացքում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ Իրանի էներգետիկայի նախարարության միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման սխեմայի վերաբերյալ, ընդ որում` իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել գնել Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտարէներգիայի ամբողջ ծավալը:

Որպես ներդրող ընկերություն՝ Իրանի էներգետիկայի նախարարությունը ներկայացրել է «Ֆարաբ-Սեպասադ» համատեղ ընկերությանը։ Ներդրող ընկերությունն ինքնուրույն լուծելու է Մեղրի ՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման հետ կապված ֆինանսական միջոցների հայթայթման  եւ կազմակերպական բոլոր հարցերը: Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15 տարի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտաէներգիան պետք է տեղափոխվի Իրան` ներդրողի կողմից կառուցվող 230 կՎ լարման էլեկտրահաղորդման գծով: Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի՝ ներդրումների հետվերադարձը ապահովելու համար էլեկտրաէներգիայի արժեքը հաշվարկվել է 5-6 ցենտ (մոտ 18-22 դրամ)։ Այսինքն՝ այն համարժեք է այն սակագնին, որով հայկական փոքր ՀԷԿ-երը էլեկտրաէներգիա են մատակարարում բաշխիչ ցանցերին։ Շահագործման 15-րդ տարվա ավարտին  Մեղրի  ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցի հայկական կողմին:

Ընդ որում, համատեղ փորձարկումներով պետք է հիմնավորվի, որ ՀԷԿ-ի էլեկտամեխանիկական եւ հիդրոմեխանիկական սարքավորումներն ունեն օգտակար շահագործման առնվազն 10 տարվա ռեսուրս, իսկ թունելը եւ ինժեներական կառույցները` առնվազն 30 տարվա ռեսուրս:

Նախնական պայմանավորվածության համաձայն` Մեղրի ՀԷԿ-ի շինարարության եւ շահագործման ընթացքում իրանական ներդրող ընկերությանը պետք է տրամադրվեն հարկային եւ մաքսային արտոնություններ։

Ա. Մովսիսյանի տեղեկացմամբ՝ Արաքս գետի վրա պետք է կառուցվի 2 հէկ-ից բաղկացած կասկադ, որից մեկը կպատկանի Հայաստանին (Մեղրի հէկը), մյուսը՝ Իրանին (Ղարաչինարի հէկ-ը)։ Ընդ որում՝ հայկական կայանը հանդիսանալու է գլխամասային հանգույց (շարքում առաջինն է)։ Այն արտադրելու է տարեկան 180 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ներդրումների ընդհանուր արժեքը, 2009 թ. գներով, կազմելու է 323 մլն դոլար։