Ի տարբերություն ԵՄ Ասոցացման մասին համաձայնագրի՝ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքվելիք ապագա համաձայնագրում հայկական կողմը ձգտում է առավելապես կարեւորել անվտանգության հարցերը: Փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

Հարցին՝ ի՞նչ հիմնական տարբերություններ կան Ասոցացման մասին համաձայնագրի եւ Հայաստան-ԵՄ ապագա համաձայնագրի միջեւ, դեսպանը պատասխանեց, որ դեռեւս բանակցություններ են ընթանում, եւ այդ հարցին հստակ պատասխանել առայժմ անհնար է:

«Ի տարբերություն Ասոցացման մասին համաձայնագրի՝ այս փաստաթղթում հստակ դրույթներ կան՝ կապված այն հանգամանքի հետ, որ Հայաստանն անդամակցել է այլ կառույցների, եւ հարկավոր է համաձայնագիրն այնպես պատրաստել, որ դրա դրույթները չհակասեն Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Մյուս կողմից՝ գիտեմ, որ մեր հայ ընկերները փորձում են առավել շատ ընդգծել անվտանգության հարցերի կարեւորությունը: Ես նստած չեմ Եվրահանձնաժողովում, որը բանակցություններ է վարում, բայց ինձ թվում է, որ սա քննարկվելիք հարցերից մեկն է»,- ընդգծեց Եժի Մարեկ Նովանովսկին:

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր փաստաթղթով ենթադրվող տնտեսական փոխգործակցության մասին լեհ դիվանագետը նշեց. «Ինձ թվում է, որ նոր համաձայնագրի այդ բաժինը հնարավորինս մոտ կլինի ազատ առեւտրի գոտու ստեղծմանը, քանի որ ավելի վաղ այդ կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Իհարկե, բացառությամբ այն սահմանափակումների, որոնք կապված են այլ կառույցներում Հայաստանի պարտավորությունների հետ: Կարծում եմ՝ հարկավոր է հնարավորինս արագ գնալ ազատ առեւտրի գոտու ստեղծման ճանապարհով»: