Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ վերջին երկու տարիներին կատարած աշխատանքների արդյունքում ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման, փականային ռեժիմի բերման, ինչպես նաեւ ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրաքանակների վերանայման աշխատանքների արդյունքում հանարապետությունում նկատվում է ջրաելքերի ավելացում: Նախարարը տեղեկացրել է, որ Սեւանա լճի մակարդակը 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1900.19 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.13 մ) բարձր է 6 սմ-ով: Ըստ նախարարի, գերակա խնդիրների իրականացման շրջանակներում 2015թ. պետբյուջեի միջոցների հաշվին Սեւանա լիճ է բաց թողնվել 366.7 հազ.հատ մանրաձուկ, իսկ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից՝ 238,8 հազ.հատ մանրաձուկ: Արդյունքում՝ նախատեսված 400 հազ. մանրաձկան դիմաց հաշվետու տարվա ընթացքում աճեցվել եւ Սեւանա լիճ է բաց թողնվել ավելի քան 605.5 հազ. մանրաձուկ: Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծրագրի շրջանակներում 2015-ին իրականացվել են 142,5 հա տարածքի մաքրման աշխատանքներ  (տարեկան ծրագիրը՝ 135 hա):

Տեղեկացվել է, որ 2015թ. ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի շրջանակներում մշակվել են Հարավային, ինչպես նաեւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից պետական բյուջեի շրջանակներում Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանների նախագծերը: Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանության ծրագրի շրջանակներում` Եվրոպական Միության ֆինանսավորմամբ մշակման ընթացքում են նաեւ Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի Ախուրյան եւ Մեծամոր գետերի գետավազանային կառավարման պլանները, որոնք հետագայում հիմք են հանդիսանալու Ախուրյան ջրավազանային կառավարման պլանի մշակման համար:

Ընդերքի եւ հողերի պահպանության ոլորտում իրականացվել են թվային քարտեզների ստեղծման աշխատանքներ՝ կազմվել են ՀՀ Սյունիքի, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերի հողերի բնական տիպերի տարածման քարտեզները: 2015թ. շարունակվել է բնապահպանական ոլորտում համագործակցությունը գլոբալ եւ տարածաշրջանային միջազգային կառույցների եւ օտարերկրյա պետությունների հետ, ինչպես նաեւ միջազգային կոնվենցիաների եւ նախաձեռնությունների շրջանակներում: Հաշվետու տարվա ընթացքում նախարարության ներքո իրականացվել է 33 միջազգային ծրագիր (22 ազգային եւ 11 տարածաշրջանային):

Ամփոփելով հաշվետվությունը եւ անդրադառնալով նախարարության 2016 թ. անելիքներին՝ վարչապետը կարեւորել է բնապահպանական ծրագրերի շարունակական եւ արդյունավետ իրականացումը: Հովիկ Աբրահամյանն Արամայիս Գրիգորյանի ուշադրությունը հրավիրել է ապօրինի ծառահատումների խնդրին եւ հանձնարարել դրանց դեմ իրականացնել ուժեղացված վերահսկողություն: Վարչապետը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է ծավալուն աշխատանք՝  ավելացնելով, որ լուրջ անելիքներ կան նաեւ առաջիկայում: