Հարյուր տարվա ընթացքում Թուրքիայի իշխանական վերնախավում շատ բան չի փոխվել: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Երեւանի պետական համալսարանում գիտխորհրդի անդամների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հարցին, թե ի՞նչ գնահատական կտաք Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, թե քրդերը, ինչպես ժամանակին հայկական «ավազակախմբերը», համագործակցում են ռուսների հետ, ու դրանով հիմնավորում քրդերի դեմ իրականացվող գործողությունները», Նալբանդյանը պատասխանել է.

«Թուրքիայի վարչապետը բացահայտ ասում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախկինում իրենց կողմից շրջանառվող վարկածը, թե իբր պատերազմ էր, պատերազմական գործողությունների տրամաբանության շրջանակի մեջ էր հայերի հետ կատարվածը, շինծու է։ Պաշտոնական Անկարան հրապարակայնորեն հայտարարում է, որ, փաստորեն, հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը միտումնավոր եւ ծրագրված է եղել՝ պատճառաբանությամբ, որ հայերը համագործակցում էին ռուսների հետ։ Եվ այսօր նույնանման սպառնալիք է ուղղվում քրդերի հասցեին։ Միջազգային հանրության համար սա լրջագույն ահազանգ է, թե ինչ կարող է կատարվել նաեւ քրդերի նկատմամբ»:

Նրա խոսքով, մարդկության դեմ հանցագործությունների պատմությունը ունի բազմաթիվ ընդհանրություններ: «Դրանցից մեկը զոհին վարկաբեկելն է, որպես դավաճան եւ անարժան պիտակավորելը։ Նրանց նկատմամբ հալածանքները, սպանությունները դահիճների հիվանդ երեւակայության մեջ արդարացված են:

«Պատասխանատվությունը ընկնում է առաջին հերթին հենց հայերի վրա, որոնց Ռուսաստանը դրդեց դուրս գալ մեր դեմ». սրանք Թուրքիայի վարչապետի խոսքերն են, սակայն ոչ թե 21-րդ դարասկզբի` Ահմեդ Դավութօղլուի, այլ 20-րդ դարասկզբի` Հայոց ցեղասպանության պարագլուխներից մեկի` Թալեաթ փաշայի: Ակնհայտ է, որ հարյուր տարվա ընթացքում Թուրքիայի իշխանական վերնախավում շատ բան չի փոխվել:

Այստեղ տեղին է հիշել եվրոպական ականավոր գործչի թեւավոր դարձած խոսքերը՝ «Սեփական մտքի գոհարները թաքցնելու լավ առիթը բաց թողնվեց՝ հերթական անգամ ցույց տալով, թե ժպտացող դիմակների տակ ինչ է թաքնված»,-ընդգծել է նախարարը: