Հայկական բանակը իր նոր դոկտրինի համաձայն, պասիվ պաշտպանությունից անցավ ակտիվ մարտավարության, որի մասին հայտնեց նաեւ միջազգային հանրությանը: Այս մասին Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, կազմակերպված «Հայությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ավարտին» եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովի ժամանակ, իր ելույթում նշել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ ներկայացնելով «Արցախի հիմնահարցի լուծման ընթացքը եւ հեռանկարները» թեմայով զեկույցը:

«Այն պրոբլեմները, որոնք այսօր հայտնվել են ղարաբաղյան հարցի շուրջ, կապված են նոր միջազգային իրավիճակի հետ, որը առաջացել է այն պահից, երբ Ռուսաստանը միջամտեց Սիրիայի հակամարտությանը եւ կոնֆլիկտ ստեղծվեց նաեւ Թուրքիայի հետ»,-նշել է նա:

Ըստ բանախոսի Ադրբեջանը մի կողմից չի ճանաչում որեւէ իրավունք Ղարաբաղի համար, մյուս կողմից փորձում է իր գերակայությունը հաստատել սահմանագծում, այդ պատճառով «հատկապես վերջին չորս տարիների ընթացքում, աշխատում է շփման գծում սրել իրավիճակը, որն անվանում է «ռազմական դիվանագիտութուն», որով փորձում է արհեստական պատերազմական վիճակ ստեղծելով ազդել միջազգային ատյանների վրա եւ Հայաստանին պարտադրել նահանջ:

«Սակայն Հայաստանը, հասկանալով ադրբեջանական այս խաղը, 2014 թվականի օգոստոսից անցավ հակագրոհի, կիրառելով նոր ռազմավարություն: Դրանով պաշտպանական դիրքից Հայաստանն անցավ հարձակողականի՝ պատժիչ գործողություններ իրականացնելով Ադրբեջանի դեմ: Դրա հետեւանքով ադրբեջանական բանակը մեծ կորուստներ կրեց եւ խուճապի մատնվելով, փախավ երկրորդ գիծ»,-ընդգծել է Սարգսյանը:

Նրա խոսքով, հայկական բանակի կողմից այս գործելաոճը ընդունվեց որպես նոր դոկտրին, որով պասիվ պաշտպանությունից անցավ ակտիվ մարտավարության, որի մասին հայտնեց նաեւ միջազգային հանրությանը:

«Իսկ ահա նոր իրավիճակում Ադրբեջանում փորձում են հասկանալ, թե ինչպես պիտի վարվել նոր պայմաններում: Մյուս կողմից նավթի գնի անկումը ծանր վիճակի է մատնել ադրբեջանական տնտեսությունը»,-հավատացած է բանախոսը:

Նշենք, որ օրերս Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, կայացել է հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողով՝ «Հայությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ավարտին» ընդհանուր խորագրի ներքո, որում զեկույցներով հանդես են եկել եվրոպահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ: