Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ մտադիր է կուսակցություն ստեղծել, որի մասին մոտ օրերս կհայտարարի:

Նա խուսափեց նշել, թե ովքեր կլինեն այդ կուսակցությունում, նշելով միայն, որ կլինեն եւ պատգամավորներ, եւ խորհրդարանից դուրս գտնվող անհատներ ու երիտասարդներ:

Անդրադառնալով նոր կուսակցության ստեղծման հետ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ առնչություններին, Օսկանյանը նշեց. «Ես հստակորեն ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանն այս կուսակցության հետ կապ չունի, բայց ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից: Այդ ժամանակվա իշխանությունն, իհարկե, շատ թերություններ ունեցել է տարբեր ոլորտներում, բայց այդ իշխանությունը նաեւ մեծ հաջողություններ է ունեցել, հատկապես այսօրվա տնտեսական իրավիճակի ֆոնին, արտաքին քաղաքականության ֆոնին: Ես կարծում եմ, որ դա այն ժամանակաշրջանն էր, որը ժողովուրդը շատ հարցերում դրականորեն է հիշում: Եկեք ամեն ինչ չսեւացնենք»:

Հարցին, թե ի՞նչ ռեսուրսի հիման վրա է կուսակցություն ստեղծում եւ պատրաստվում ստանալ ժողովրդի քվեն, ԱԳ նախկին նախարարը պատասխանեց. «Վարդան Օսկանյանի ռեսուրսով, կուսակցության ծրագրով, մեր անելիքներով, երկրի նկատմամբ մեր տեսլականով»:

Օսկանյանի խոսքով, իրենք պատրաստվում են համագործակցել բոլոր ուժերի հետ: