Երեւանում մարտի 13-ի երեկոյան դանակահարության հետեւանքով մահացած 17-ամյա Արմեն Բաղդասարյանը Երեւանի Սարի թաղի բնակիչ էր, նա ունի մեկ եղբայր եւ մեկ քույր, ինքը միջնեկն է: Այս մասին այսօր` մարտի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմենի հարեւաններից մեկը` նշելով, որ Արմենի ավագ եղբայրը նույնես ծեծկռտուքի մասնակիցներից է եղել, նա եւս վիրավորում է ստացել, սակայն, ոչ ծանր:  Հարեւանի խոսքով, Արմենը կրթված ու օրինակելի ընտանիքից է, բոլորը շոկի մեջ են, որ նրա հետ այդպիսի դեպք է պատահել: Ըստ հարեւանի Արմենը նոր էր ավարտել դպրոցը եւ աշխատում էր հացի փռում որպես առաքիչ:

«Ընտանիքը շատ օրինակելի ընտանիք է, բոլորս էլ լավ ճանաչում ենք իրենց: Արմենն էլ տան միջնեկ երեխան էր, ինքն էլ, երկու եղբայրն էլ շատ լավ երիտասարդներ են, շոկի մեջ ենք, որ նման պատմության մեջ է ընկել: Ոչ մեկս չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել իրականում, մենակ գիտեմ, որ գիշերն է եղել դեպքը, տղաներով վիճել են, բայց դե դրանց դանակ որտեղից, չեմ հասկանում: Հայրն էլ հացի փուռ ունի, շատ լավ մարդ է, բոլորին նեղ ընկած ժամանակ հասնող մարդ է»,-ասաց հարեւանը:

Նշենք, որ ըստ քննչական կոմիտեի՝ մարտի 13-ին ժամը 21-ի սահմանում Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, այն վերածվել է ծեծկռտուքի ու ավարտվել դանակահարությամբ:

Նշենք, որ տուժած երեք երիտասարդները, որոնք ստացել էին կրծքավանդակի եւ կոնքի կտրած-ծակած վերքեր, արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ:

Վիրավորներն են Ռոբերտ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Սերգեյ Օսիպովը, բոլորը ծնված 1998թ.:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը):