Բժիշկ Վահրամ Անդրեասյանը, որը համացանցում տարածված տեսանյութում կոպտում է օգնության կարիք ունեցող տարեց մարդուն, կհեռացվի «Շտապօգնության» ծառայությունից:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Երևանի Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Բժիշկն այսօր չէր աշխատում, բայց նա կհեռացվի աշխատանքից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեսանյութում երեւում է, որ Երեւանի Սիրահարների այգում «Շտապօգնության» բժիշկը վատառողջ քաղաքացու հետ կոպիտ ու անհարգալից է խոսում:

«Արի գոնե նստի: Հազար մարդ կա ստեղ, հո դու խայտառակ չե՞ս: Չես գալի՞ հմի հիվանդանոց: Հավեսդ չունեմ»,- ասում է բժիշկը այգում՝ նստարանի մոտ գետնին պառկած տարեց մարդուն ու հեռանում:

Բժշկի հեռանալուց հետո, տարեց մարդը այդտեղ հավաքված քաղաքացիներին ասում է, որ ինքը չի ցանկանում ոչինչ անել՝ ոչ նստել, ոչ հիվանդանոց գնալ: Նա նաեւ ստորագրում է բժշկական թերթիկի վրա, որ հրաժարվում է գնալ հիվանդանոց:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին: