Ռուսաստանի Պետդումայում Սերգեյ Միրոնովի եւ Նիկոլայ Լեւիչեւի ներկայացրած Հայոց ցեղասպանության քրեականացման շուրջ օրինագծի հետագա ճակատագիրը դեռեւս հստակ չէ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Արդար Ռուսաստան»-ի մամուլի ծառայությունում նշեցին, որ Նիկոլայ Լեւիչեւն առաջիկայում վայր է դնելու պատգամավորական լիազորությունները՝ ԿԸՀ-ում աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այսպիսով, նրա համահեղինակությամբ ստեղծված օրինագծի հետագա ճակատագրին նա ուղղղակի առնչություն չի ունենա:

Ապագայում օրինագծի «առաջխաղացմամբ» Սերգեյ Միրոնովը ստիպված կլինի զբաղվել միայնակ, կամ այլ պատգամավորների օգնությամբ: Բայց առայժմ հայտնի չէ, թե ով կմիանա այդ աշխատանքին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի կառավարությունն ու Գերագույն դատարանը բացասական եզրակացություն են տվել այս օրինագծի կապակցությամբ: Ընդունված որոշումը պատճառաբանվել էր այն հանգամանքով, որ խախտվել է Կառավարության եւ Գերագույն դատարանի կողմից օրինագծի քննարկման ժամկետը:

ՌԴ կառավարությունն օրինագիծը պետք է քննարկեր 30-օրյա ժամկետում, սակայն կառավարությունն ավելի շատ ժամանակ էր խնդրել՝ մինչեւ հունվարի 9-ը, բայց քննարկումը ձգձգվել էր մինչեւ փետրվարի 9-ը: