Ժամանակն է, որ ԱՄՆ-ը, խոշոր հրեական կազմակերպությունները եւ հենց Իսրայելը ճանաչեն 100 տարի առաջ Օսմանյան թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Մուսուլման թուրքերն իրենք էլ պետք է անեն նույն բանը։ Այս մասին գրում է Times of Israel պարբերականի բլոգեր Ջոշուա Ռեզնեքը։

«Ցեղասպանությունը խլեց 1.5 մլն հայերի կյանք, որոնք կամ սովահար եղան կամ հալածանքների զոհ գնացին՝ ամբողջովին ջնջվելով երկրի երեսից, ինչպես նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ոչնչացրեցին Եվրոպայի հրեաներին»,- գրում է հեղինակը։

Բլոգերի կարծիքով հրեաները աշխարհում իրենց շատ հարմարավետ են զգում, այնինչ հայերը պետք է այդ ցուցակում առաջինը լինեն։ Հայերը, հրեաների նման, աշխարհով մեկ տարածված սփյուռքում իրենց փոքրաքանակ թվով մեծ նվաճումներ են ունենում եւ հաջողությունների հասնում։

«Անվիճելի, ապացուցված պատմական փաստ է, որ թուրք օսմանները հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն են իրականացրել։ Ժամանակն է, վաղուց է հասունացել պահը, որպեսզի բոլոր ամերիկացիները, հրեաները եւ իսրայելցիները ճանաչեն դա»,- նշում է Ռեզնեքը՝ թվարկելով ցեղասպանությունը չճանաչելու պատճառները։

ԱՄՆ-ը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ չի ուզում հիասթափեցնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։

Ամերիկայի հրեական կազմակերպությունները ձեռնպահ են մնում ցեղասպանությունը ճանաչելուց քանի որ նմանատիպ պատճառներ ունեն։

Իսրայելցիները շարունակում են աջակցել թուրքերին, քանի որ Թուրքիան 1948թ. Իսրայել պետության օգտին է քվեարկել։

«Տասնամյակներ անց ժամանակն է առերեսվել աներկբա իրականության հետ, որ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի խաչն է, որը նա պետք է կրի»,- եզրափակում է հեղինակը։