Մարտի 16-ի լույս 17-ի գիշերը Հայաստանի հովտային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում գրանցվել են ցրտահարություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Օդի նվազագույն ջերմաստիճանը լուսադեմին ունեցել է հետեւյալ ցուցանիշները, Արմավիրում -2, Մերձավանում -5, Արտաշատում -2, Արարատում -0,5, Ուրցաձորու -3, Աշտարակում -3, Երեւանում -2-4, Արենիում -1, Բագրատաշենում -2, Իջեւանում -2 աստիճան ցուրտ»,- գրել է նա:

Ըստ Սուրենյանի՝ բացառություն են կազմել Սյունիքի հովիտները, որտեղ խիտ ամպամածության արդյունքում բացասական ջերմաստիճան չի գրանցվել. Կապանում օդի ջերմաստիճանը եղել է +1, Մեղրիում +2 աստիճան տաք. «Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության տարածքին մոտենում է հզոր անտիցիկլոն, անտիցիկլոնի պայմաններում ակնկալվում է եղանակի լիարժեք պարզեցում, որի արդյունքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում եւս 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -4-7, հողի մակերեւույթին -5-8 աստիճան ցուրտ»:

Բացասական ջերմաստիճանը կպահպանվի նաեւ մարտի 19-ի գիշերը. Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -2-5, հողի մակերեւույթին -3-6 աստիճան ցուրտ:

Նշենք, որ մարտի 20-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, հովտային գոտիներում անձրեւ եւ ձնախառն անձրեւ, մարտի 21-ին տեղումները կդադարեն: