Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչները զգացել են այս գիշեր գրանցված երկրաշարժը, որն, ըստ ԱԻՆ-ի, իրենց մոտ 3-4 բալ ուժգնությամբ է եղել:

«Շատ ուժեղ, հզոր ցնցում էր: Բոլորն արթնացել, տանից դուրս էին եկել: Էնքան ուժեղ էր ձայնը, որ հնարավոր չէր չվախենալ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ագարակի գյուղապետ Ռուբեն Բարխուդարյանը:

Գյուղապետը նշեց, որ երեխաների մոտ խուճապ է եղել, վախեցել են, իսկ մեծահասակներն ավելի շատ մտահոգ են եղել, թե որտեղ է երկրաշարժի էպիկենտրոնը:

«Անհանգստանում էինք, որ հանկարծ մեզ քաղաքներում ավելի ուժեղ եղած չլինի, հետո իմացանք, որ էպիկենտրոնը մեզ մոտ է եղել»,- ասաց գյուղապետը:

Գյուղապետը նշեց, որ նման եւս մեկ ցնցում էլ 10 օր առաջ է գրանցվել:

Նշենք, որ ըստ ԱԻՆ հաղորդագրության մարտի 17-ին՝ ժամը  01:13-ին, ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01:02-ին (Գրինվիչի ժամանակով` 21:02-ին) Հայաստանի ԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը հյուսիսային լայնության 40.980օ եւ արեւելյան երկայնության 44.510օ աշխարհագրական կոորդինատներով՝ Ստեփանավանից 10 կմ դեպի արեւելք, երկրաշարժ է գրանցել:

Ստորգետնյա ցնցումների օջախը 10 կմ խորությամբ է եղել, ուժգնությունը՝ 2.8 մագնիտուդ: Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում՝ 3-4 բալ, Ագարակ գյուղում՝ 3-4 բալ, Վանաձոր քաղաքում՝ 2-3 բալ եւ Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: