Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի նկարած պատկերներից ակնհայտ է, որ նա ինքնասպանություն չէր գործի, հետեւաբար ինքը չէ այն երկտողի հեղինակը, որը գրվել է նրա մահից առաջ, նրա անունից: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննության ժամանակ ասաց գործով դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացություն տված փորձագետ Էլդա Գրինը: 

«Միանշանակ է, որ տուժողը չի գրել երկտողը: Նա հակված չէր ինքնասպանության,  նրա նկարները չեն խոսում հուսահատության այն աստիճանի, որը բերի ինքնասպանության: Այդ տարիքում նկարում ենք երբեմն տխուր, երբեմն ուրախ, կարող է՝ տխուր նկարներ նկարած լինի, դա չի խոսում ինքնասպանության մասին»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ Հայկազ Բարսեղյանի մոտ պարզապես տրամադրության անկում է եղել:

Եզրակացությունը տված մյուս փորձագետ Մարիամ Մեհրաբյանը նշեց, որ այն, որ Հայկազ Բարսեղյանը չէ երկտողի հեղինակը, վկայում  է երկտողում գրված «քաշքշուկ» բառը: Նրա խոսքով՝ այդ բառը վերաբերում է ապագային, իսկ ինքնասպանություն գործող անձը ապագայի մասին չի մտածում:

«Ինքնասպանություն գործողը միայն մտածում է՝ ինչքան դժվար է իր համար, իսկ թե ապագայում ինչ տեղի կունենա, իրեն չի հետաքրքրում: Ինքնասպանության երկտողների մեջ քաշքշուկ բառը չի լինում սովորաբար, այն էլ այդպես ընդգծված, մեծատառերով»,- ասաց նա:

Էլդա Գրինը դատարանում նախքան հարցաքննությունը ցավակցություն հայտնեց Հայկազ Բարսեղյանի հորը:

«Այդպիսի ծանր գործ չի եղել իմ պրկատիկայում, առաջին անգամն է»,- ասաց նա:

Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի անունից թողած երկտողում գրված է «Ոչ մեկ մեղավոր չի,  ուղղակի հոգնել եմ ու անհետաքրքիր ա: Քաշքշուկի համար կներեք»:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: