Բրյուսելում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին մասնակցող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթում:

Նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ, մեր երկրի ղեկավարն անդրադարձել է դինամիկ զարգացող Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ընթացքին, Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ԵՄ-ի հետ մեր երկրի հարաբերություններում կարեւորագույն տեղ են զբաղեցնում:

Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Մերձավոր Արեւելքում զարգացումների ու դրանց հետեւանքով ոչ միայն եվրոպական երկրների, այլեւ գործընկեր պետությունների ու համայն մարդկության համար լրջագույն մարտահրավեր դարձած փախստականների ճգնաժամի մասին:

ԵԺԿ գագաթաժողովի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունաստանի «Նեա դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵԺԿ շրջանակում միջկուսակցական համագործակցության զարգացմանը վերաբերող, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի նախագահի՝ օրերս Հունաստան կատարած պաշտոնական այցին եւ դրա շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին:

Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երեւան: