«Հայջրմուղ» ընկերությունը մարտի 22-ին Աշտարակ քաղաքում ներկայացրել է SCADA նոր համակարգ երկրի 7 մարզերում խմելու ջրի մատակարարումները կառավարելու համար: Ինչպես լրագրողներին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Փաթրիք Լորենը, համակարգը լիովին արդարացնում է իր ծախսերը, ավելին ՝ այն կօգնի էներգիա ու այլ ռեսուրսներ տնտեսել: Ընկերությունը կիմանա, թե որքան էլեկտրաէներգիա, քլոր, կամ էլի որեւէ բան է անհրաժեշտ տվյալ տարածքում, որպեսզի ջուրը ունենա անհրաժեշտ ճնշում ու մաքրություն:

«Հիմա մեր աշխատակիցները տեղերում արդեն չեն կարողանա ասել, որ ջուր չկա, եթե այն իրականում կա: Բոլոր ջրամբարների ու խողովակների վիճակը հիմա պարզ երեւում է համակարգում, հետեւաբար բոլոր աշխատակիցները հսկողության տակ կլինեն: Ես գիտեմ ՝ հայերը այդքան էլ չեն սիրում հսկողության տակ լինել, բայց չէ՞ որ դրա շնորհիվ է, որ Հայաստանում ջուր կա»,- ասել է Լորենը:

Նրա խոսքով, համակարգը նաեւ նկատելիորեն նվազեցնում է մարդկային գործոնի դերը: Տեսուչներն արդեն ձեռքով չեն գրանցելու ջրի հաշվիչների ցուցմունքները: Նրանք լուսանկարելու են հաշվիչները բջջային սարքով, իսկ լուսանկարներն էլ ավտոմատ կերպով ուղարկվելու են սերվեր: Այսպիսով, արդեն հնարավոր չի լինի պայմանավորվել տեսուչի հետ, կամ էլ քիչ գրել օգտագործած ջրի թվերը:

Հիշեցնենք, որ «Հայջրմուղը» գործում է Երեւանի սահմաններից դուրս ու սպասարկում է Հայաստանի 7 մարզերում 38 քաղաքներ ու 268 գյուղեր: 2004-ից սկսած «Հայջրմուղ» ՓԲԸ-ի կառավարումը պայմանագրային հիմունքներով հանձնվել է ֆրանսիական SAUR ընկերությանը: