Այգիները խմելու ջրով ոռոգողները մեծամասամբ գողանում են այն: Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է «Հայջրմուղի» գլխավոր տնօրեն Փաթրիք Լորենը՝ մեկնաբանելով ամառային ամիսներին վատ ջրամատակարարման կապակցությամբ սպառողների դժգոհությունները:

Նշենք, որ Աշտարակ քաղաքում ու դրա շրջակայքում օրական երկու անգամ 2-ական ժամ նվազագույն ջրամատակարարման դեպքում անցած տարվա ամառային ամիսներին մատակարարումը կրճատվել էր՝ դառնալով օրական երկու անգամ՝ 30-ական րոպե:

«Եթե մարդիկ այգիները խմելու ջրով են ոռոգում, ուրեմն նրանք գողանում են այն: Նրանք դրա դիմաց չեն վճարում: Եթե վճարեին՝ այդպես չէին օգտագործի: Մենք ձգտում ենք վերահսկել իրավիճակը, գտնել ապօրինի գործածումները ու պայքարել դրանց դեմ: Ով ջուրը վերցնում է ապօրինի ճանապարհով, հենց նա էլ ուրիշներին զրկում է ջրից»,- ասել է Լորենը: Այս խնդիրը ընկերության առաջ է կանգնում ամեն ամառ, ընդ որում ոչ միայն Աշտարակում, այլեւ երկրի մյուս մարզերում, հավելել է նա: «Պետք է բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ իրականացնել: Նրանք պետք է հասկանան, ո չի կարելի ջուրը ապօրինի ճանապարհով վերցնել, դրանից մյուսներն են տուժում: Կարծում եմ, որ այս գործում մեզ պետք է օգնի նաեւ մամուլը»,- ամփոփել է Փաթրիք Լորենը:

Հիշեցնենք, որ «Հայջրմուղ» ընկերությունն աշխատում է Երեւանի սահմաններից դուրս ու սպասարկում Հայաստանի 7 մարզերի 38 քաղաքներ ու 268 գյուղեր: 2004 –ից սկսած Հայջրմուղ ՓԲԸ-ի կառավարումը պայմանագրային հիմունքներով հանձնվել է ֆրանսիական SAUR ընկերությանը: