ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 2016թ. մարտի 26-ի վաղ առավոտյան Լեռնաձոր համայնքում տեղի ունեցած գողությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 07:30-ին ահազանգ է ստացվել, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ առանձնատան պատուհանը բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի առանձնատներից մեկը եւ ճաշասենյանկից հափշտակել «Սամսունգ» ֆիրմայի հեռուստացույց, տարբեր տեսակի կոնյակներ՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2016թ. մարտի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Օպերատիվ-քննչական համատեղ անհետաձգելի գորործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունն իրականացրել են Երեւանի երկու բնակիչ՝ նախկինում 4 անգամ դատապարտված Վ.Խուրշուդյանը եւ 7 անգամ դատապարտված Կ.Առաքելյանը, որոնք ձերբակալվել են։ Քրեական գործով հայտնաբերվել եւ առգրավվել է նաեւ գողոնը։