Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ԱՄՆ-ից վերադառնալուց անմիջապես հետո անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, տվել մի շարք հանձնարարականներ: Նախագահը հրապարակել է հայկական կողմի կորուստները՝ 18 զոհ եւ 35 վիրավոր: Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտագությունն ապահովելու նպատակով Սերժ Սարգսյանը առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել եւ հանձնարարել  է տեքստը քննարկել եւ ուղարկել Ազգային ժողով:

Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը հաղորդում են, որ ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ, հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ, երեք տանկ, երկու անօդաչու սարք:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի հրետակոծության հետեւանքով վիրավորված երկու երեխաների վիճակը կայուն ծանր է: 12-ամյա Վարդան Անդրեասյանը եւ 11-ամյա Գեւորգ Գրիգորյանը Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են: Հիշեցնենք, որ եւս մեկ երեխա` 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, մահացել է:

Վիրավորների թվում է նաեւ Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը: Նա լյարդի վնասվածք է ստացել, վիճակն այժմ ծանր կայուն է:

Այս պահին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը մնում է լարված:

Միջազգային հանրությունը շարունակում է արձագանքել Ադրբեջանի սանձազերծած աննախադեպ հարձակողական գործողություններին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որում դատապարտել են ուժի կիրառումը եւ կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակը կայունացնելու համար:

ՀԱՊԿ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Սեյրան Օհանյանի հետ ունեցել է հեռախոսազրույց, որի մանրամասները չեն հաղորդվում:

Ստեղծված իրավիճակը հեռախոսազրույցում քննարկել են նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ռուսաստանի նրա գործընկեր Սերգեյ Լավրովը: Լավրովը բանակցել է Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ, նա կողմերին կոչ է արել ազդել իրավիճակի վրա Լեռնային Ղարաբաղում բռնությունները դադարեցնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը: Ընդ որում զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր:

Արտահերթ թողարկում. Լարվածություն հայ-ադրբեջանական սահմանին