Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի վրա այսօր՝ ապրիլի 3-ի առավոտից արդեն 42 հրթիռ է ընկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը:

«Քաղաքում արդեն 12 տուն է այրվել, գազի բաշխման կետը: Հիվանդանոցը երկու հերթ է սարքած, էլեկտրաէներգիա ունենք, միայն ստիպված ենք լինում գիշերն անջատել փողոցի էլեկտրականությունը»,- ասաց նա:

Վլադիկ Խաչատրյանի խոսքով՝ մարդկանց մոտ խուճապ չկա, նրանց համար սովորական է հակառակորդի նման պահվածքը:

«Մարդիկ ապաստարանում են, երբ մի քիչ անցնում է վիճակը, դուրս են գալիս, կարծես ոչինչ չի եղել, իրենց դարդով ապրում են: Մենք համագործակցում ենք բանակի հետ, տիրապետում ենք իրավիճակին,  գիտենք, որ այն վերահսկվում է»,- նշեց նա: