Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ:Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊԲ կայքից:

Հակառակորդը մարդկային եւ զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր: Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի: Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց արձակած հրթիռները նպատակակետին չեն հասել և որևէ վնաս չեն պատճառել: ՊԲ հակաօդայինների կողմից բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են:

Դեպքերի հետագա զարագացումների մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում:

Նշենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության վերջին հաղորդագրության, ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարեւելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարեւելյան ուղղությամբ՝ 2 տանկ:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերաբար կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։