ՌԴ Դաշնության Խորհրդի Միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը Facebook-ի իր էջում կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման գոծում Անկարայի դերի առնչությամբ: 

«Ավանդաբար առավոտյան դիտում եմ Euronews հեռուստաալիքը, որպեսզի հնարավորություն ունենամ աշխարհում իրավիճակին նայել այլ աչքերով: 

Այսօր ինձ զարմացրեց այն, թե ինչպես էր ներկայացվում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը: Մեկնաբանը սյուժեն ամփոփեց հետեւյալ խոսքերով.  «իսկ մինչ այդ Մոսկվան շարունակում է աշխատել Երեւանի, իսկ Անկարան` Բաքվի հետ»:

Ակնհայտ է այս ծայրաստիճան տագնապալի իրավիճակում ռուսաստանյան մոտեցման բացահայտ աղավաղումը:  Մոսկվան բոլոր հնարավոր մակարդակներում շարունակում է աշխատել երկու մայրաքաղաքի հետ` նրանց հավասարապես կոչ անելով ձեռնպահ մնալ փոխադարձ բռնության սրումից:  Եվ դա գործելու միակ թույլատրելի տարբերակն է հակամարտող կողմերի նկատմամբ, որոնք  լայնածավալ ռազմական դիմակայության անցնելու եզրին են :

Բնութագրական է, որ Մոսկվայի նման են իրենց պահում համաշխարհային քաղաքականության այլ պատասխանատու մայրաքաղաքները, ներառյալ Նյու Յորքը  (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը), Վաշինգտոնը, Բրյուսելը, Լոնդոնը, Բեռլինը, Փարիզը եւ ուրիշներ: 

Ցավոք, մի բացառություն կա: Եվ դա Անկարան է: Եթե չեմ սխալվում, միակ առաջնորդը, որը վերջերս դիմել է միայն մի մայրաքաղաքին եւ բոլոր առումներով աջակցել համապատասխան կողմին, Թուրքիայի նախագահ Էրդողանն էր: Ցավոք սրտի, Անկարան իրոք միմիայն եւ բացառապես Բաքվի հետ է աշխատում` այս ձգձգված եւ պայթյունավտանգ հակամարտության մեջ եւս  (արդեն որերորդ անգամ եւ որերորդ դեպքում) ներմուծելով սեփական ներքաղաքական շահերը, գեոպոլիտիկ նախընտրությունները եւ արտաքին քաղաքական նպատակները: 

Նման միակողմանի եւ անպատասխանատու դիրքորոշումը, ըստ էության, յուղ է լցնում կրակին` հակամարտության կողմերից մեկին խթանելով շարունակել այն:  Եվ օբյեկտիվորեն, դրանք ամբողջ միջազգային հանրության դեմ ուղղված գործողություններ են, որում Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցներն այժմ օբյեկտիվորեն միասին են: Չէ որ բոլորը, բացի, ակներեւաբար, Թուրքիայից, հասկանում են. այս հակամարտության մեջ հաղթող չի լինի, բայց կարող է երկու պարտված լինել եւ բազմաթիվ զոհեր: 

Ցավոք, նույն մոդելով, ելներով սեփական, ոչ թե կոլեկտիվ շահերից, Թուրքիան գործել է եւ շարունակում է գործել Սիրիայի առումով, իսկ այժմ սկսում է Ուկրաինայի նկատմամբ: Եվ դա շատ վտանգավոր է դառնում», - գրել է Կոնստանտին Կոսաչեւը: