Վանի Աղթամարի Ս. Խաչի պատարագը եւ դրանով  Թուրքիայում ծպտյալ հայերի ինքնության վերականգնման փորձերը անտարբեր չթողեցին Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուին: Վերջինս անդրադարձել է Պոլսո հայոց փոխպատրիարքի այն հայտարարությանը, թե հազարավոր ծպտյալ հայեր դիմում են իրենց ինքնությունը վերականգնելու համար:  Հալաչօղլուն հայերի ինքնության վերականգնման փորձերի հետ կապված իր մտահոգությունը հայտնել է թուրքական ազգայնական կայքերից մեկում:

Իր սկանդալային եւ ռասիստական հայտարարությւոններով հայտնի Հալաչօղլուն հիշեցրել է, թե ինքը դեռ 2007-ին Կայսերիում մի սեմինարի ժամանակ խոսել է իրենց քուրդ եւ ալեւի քուրդ ներկայացնող մի քանի հարյուր հազարի հասնող ծպտյալ հայերի մասին: «Ես այդ ամենը հայտնել եմ` հենվելով ամերիկյան արխիվների վրա, որտեղ նույնիսկ գյուղերի անուններով է ամեն ինչ ներկայացված: Այդ արխիվային փաստաթուղթը կրում է «հայ քրդեր» անվանումը: Այնտեղ նշված է, թե որ հայ համայնքը, որ քրդական ցեղի անուն է վերցրել, թե որտեղ է հաստատվել: 1977-ից սկսած միսիոներները փորձում են նման հայերին բացահայտել: Դրանց մասին է խոսել նաեւ Հրանտ Դինքը: Իմ գրանցած տվյալներով, Թուրքիայում այս պահին ապրում է 500 հազար ծպտյալ հայ»-նշել է Հալաչօղլուն:

Թուրք պատմաբանը զգուշացրել է, թե ինքության վերականգնման փորձերը, առաջիկայում  ճանապարհ կբացեն էթնիկ բաժանման զարգացումների համար, որոնք նույնիսկ կանդրադառնան թուրքմենների եւ ալեւիների վրա:  «Վերջին զարգացումները վկայում են, որ հայերին անշարժ գույք եւ փոխհատուցում տալու համար հող է նախապատրաստվում»,-նշել է Յուսուֆ Հալաչօղլուն: