Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ապացույցներ ունեն ռազմական գործողություններին վարձկանների ու ահաբեկիչների մասնակցության մասին: Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am.-ի թղթակցի հետ զրույցում:

«Հիմքեր կան հայտարարելու, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողություններին մասնակցել են նաեւ ԻՊ ու այլ ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ: Այս մասին են վկայում բազմաթիվ հանգամանքներ՝ նրանք իրար հետ թուրքերեն ու արաբերեն էին խոսում, այլ համազգեստով էին, զինյալների նման էին գործում: Նրանց տարիքն էլ էր ուրիշ՝ բոլորը 30-ն անց էին»,- նշել է Բաբայանը:

Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Ադրբեջանի հսկայական քանակության քաղաքացիների անդամագրվել են ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես ԻՊ-ին: Ընդ որում նրանց մեծ մասը զինծառայողներ են: «Այնտեղ կապեր հարթելով, այդ՝ այսպես կոչված զինծառայող –գրոհայինները կազմակերպել են ահաբեկիչների հոսք Թուրքիայից Նախիջեւան, այնտեղից էլ Ադրբեջան՝ հակամարտության գոտի»,- նշել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը: